Սահմանին սրացումներն ամբողջապես բացառելն անհնար է. քաղաքագետ
ԼՂ հակամարտության սրացման վտանգը կա, ավելին՝ այն անընդհատ լինում է՝ տարբեր ծավալներով: Այս մասին մարտի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
«Ապրիլն էլ օդից չվերցվեց, չէ՞, կային մասնագետներ, ովքեր կանխագուշակում էին, մոտավորապես 2009-2010 թվերից բռնության մակարդակը ավելանում ու նվազում էր: Այն աստիճանաբար եկավ, ապրիլը այդ շղթայի մի մասն էր, այն ադրբեջանական ռազմավարություն է, և ամենևին պատահականություն չէր: Հետո բռնության մակարդակը հնարավոր եղավ նվազեցնել, ես ուրախ կլինեի, եթե սխալվեի, բայց կարծում եմ՝ սահմանին սրացումներն ամբողջապես բացառելն՝ անհնար է»,- ասաց նա:
Իսկանդարյանը նշեց, որ ադրբեջանական ռազմավարությունն է՝ բանակցային գործընթացը զուգակցել սահմանին միջադեպերի հետ, իսկ սրացման չափը մի շարք գործոնների հետ է կապված:
Քաղաքագետի կարծիքով՝ հիմա շատ մեծ, լուրջ բախումներ սպասել չարժե, քանի որ չի կարծում, թե հիմա Ադրբեջանում դրան պատրաստ են. նրանք շատ են ծախսել 2016-ին, իրենց գրեթե ողջ սպեզնազը, մեծ գումարներ, այժմ այդպիսի միջոցներ չունեն:
Իսկանդարյանի խոսքով՝ Ադրբեջանի ռազմական բյուջեն երեք անգամ նվազել է, ուստի չի կարծում, թե մեծ բախում կլինի, բայց ինչ-որ բախումներ կլինեն:
Քաղաքագետը նշեց, որ հակամարտության վրա ներազդման Մինսկի խմբի, կայսրությունների քաղաքական ճնշման գործիքները բավարար չեն, իսկ այլ գործիքներ չեն կիրառվում: