Սեֆիլյանը դատապարտվեց 10.5 տարվա ազատազրկման
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի՝ այսօրվա վճռով Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվեց 10.5 տարվա ազատազրկման, Գևորգ Սաֆարյանը դատապարտվեց 5.5 տարի: Վճիռները հրապարակեց դատավոր Տաթևիկ Գրիգորյանը:
Ալեք Ենիգոմշյանը լրագրողների հետ զրույցում դատավարությունը խեղկատակություն որակեց, ասաց, որ պատիժը նրանց վճռականությունն ավելացնելու է, առանց հուզմունքների տուրք տալու նրանք շարունակելու են պայքարը:
«Վստահ եմ, որ հրապարակված այս վճիռներն իրականություն չեն դառնալու, քանի որ այս ռեժիմն այդքան իշխանության չի մնալու»,-ասաց նա:
Փաստաբան Արայիկ Պապիկյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Սեֆիլյանի վճռում մոռացել են նշել Քենեդու սպանության հոդվածը, մյուս հոդվածներն էլ ֆանտաստիկայի ժանրից են: Այս ամենը նպատակ ունի Սեֆիլյանին լռեցնել, քանի որ նա լուրջ վտանգ է ներկայիս քաղաքական իշխանության համար, նրանք ուղղակի վախենում են Ժիրայր Սեֆիլյանից»:
Պապիկյանն ասաց, որ վերաքննիչ դատարանում բողոքարկելու են. «Վերաքննիչ ատյան գնալու ենք զուտ ձևական ընթացակարգը պահելու համար: Այս պահին կարող եմ ասել, այսօր Հայաստանում չունենք անկախ դատական համակարգ»:
Դատարանի բակում լարված մթնոլորտ է, Սեֆիլյանի կողմնակիցները վիրավորական, մեղադրական հայտարարություններ են հնչեցնում դատավորի, դատարանի, դատախազի հասցեին՝ դժգոհելով «ոչ արդար» վճռից:
Հարակից հրապարակումներ`
- Քրեական իրավունքը վաղուց նեղացել, գնացել է Սեֆիլյանի ու մյուսների գործից. Արայիկ Պապիկյան
- Դատախազը Ժիրայր Սեֆիլյանի համար պահանջեց 11 տարվա ազատազրկում
- Սեֆիլյանի գործով դատական նիստին հարցաքննության է կանչվել Պավել Մանուկյանը
- Ապացույցներն ընդհանրապես կապ չունեն մեղադրանքի հետ. Սեֆիլյանի պաշտպան