Տուբերկուլյոզով հիվանդացության դեպքերը նվազել են, ռիսկերը՝ ոչ. ԱՀԿ
Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպական տարածաշրջանում վերջին տասնամյակի ընթացքում նվազել է տուբերկուլյոզով հիվանդացության դեպքերի թիվը: Ինչպես տեղեկացնում է ՄԱԿ-ի պաշտոնական կայքը, այդ դեպքերի նվազման ռեկորդային ցուցանիշ է գրանցվել՝ տարեկան միջինը 4,3 տոկոս:
Այս ցուցանիշը, սակայն, բավարար չէ՝ իրավիճակը կտրուկ բարելավելու և 2030 թ. այս համաճարակին վերջ տալու համար: ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանի՝ տուբերկուլյոզի դեմ պայքարի 2016-2020 թթ. գործողությունների պլանի հեղինակները պնդում են, որ վճռական միջոցները թույլ կտան հաջորդ հնգամյակում փրկել ավելի քան 3 միլիոն կյանք և խնայել 48 միլիարդ դոլար: Եվրոպայում այս համաճարակի գլխավոր պատճառները տուբերկուլյոզի դեպքերի բացահայտման ցածր մակարդակն է և այս հիվանդության բուժման անարդյունավետությունը:
Չնայած այս ոլորտում գրանցված հաջողություններին՝ Եվրոպական տարածքում շարունակում է չբացահայտված մնալ հիվանդության այս տեսակի ամեն չորրորդ դեպքը: Իսկ գործողությունների տարածաշրջանային ծրագիրը նախատեսում է հասնել 85 տոկոս բացահայտելիության ցուցանիշի: Բուժման հարցում ԱՀԿ-ում նպատակ են դրել հասնել դեղակայուն տուբերկուլյոզով հիվանդների բուժման 75 տոկոսանոց ցուցանիշի:
«Մենք ոչ մի դեպքում զգոնությունը պետք է չկորցնենք, անգամ այնտեղ, որտեղ տուբերկուլյոզի տարածվածությունն ընդհանուր առմամբ ցածր է»,- ասել է Հիվանդությունների վերահսկման եվրոպական կենտրոնի տնօրեն Անդրեա Ամմոնը: Նրա խոսքով՝ այս օդային ճանապարհով փոխանցվող այս հիվանդության աշխուժացման վտանգը շարունակում է բարձր մնալ, հատկապես՝ բնակչության շարժունության ավելացման և դժվար բուժվող դեղակայուն տուբերկուլյոզի տարածման ֆոնին:
ԱՀԿ Եվրոպական բյուրոյի ղեկավար Ժուժաննա Յակաբը կոչ է արել միավորել քաղաքական ջանքերը բոլոր մակարդակներում: Դա նշանակում է հետազոտությունների, պրոֆիլակտիկ, բուժման և սոցիալական նախապայմանների վերացման ծրագրերի ֆինանսավորում: