Հունվար-փետրվարին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 8.6%-ով
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2018 թվականի հունվար-փետրվար ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 8.6%-ով։ Միաժամանակ, փետրվար ամսվա ՏԱՑ-ը հունվարի նկատմամբ կազմել է 7.2%, իսկ նախորդ տարվա նույն ամսվա՝ փետրվարի համեմատ՝ 7.3%:
Ըստ ԱՎԾ-ի՝ առավելագույն աճը նշված ժամանակահատվածում գրանցվել է շինարարության ոլորտում: Մասնավորապես, շինարարության ծավալն այս տարվա հունվար-փետրվարին աճել է 22.7%-ով, նախորդ ամսվա համեմատ՝ 29.9%-ով, իսկ 2017թ-ի փետրվարի համեմատ՝ 25.1%-ով:
Արդյունաբերության ոլորտում այս տարվա երկու ամիսներին գրանցվել է 8.3%-ի աճ, էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում ևս առկա է աճ 3.5%-ով: 2017թ. հունվար-փետրվարի համեմատ ընթացիկ տարում ծառայությունների ծավալը նույնպես (առանց առևտրի) աճել է 15.1 տոկոսով:
Ինչ վերաբերում է առևտրաշրջանառության ծավալներին, ապա այս տարվա երկու ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 17.4%-ով:
Սպառողական գները ևս նախորդ տարվա հունվար-փետրվարի համեմատ աճել են 3.1%-ով:
Ինչ վերաբերում է գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալին, ապա 2018 թ-ի հունվար-փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աննշան նվազել է՝ 0.1%-ով:
ԱՎԾ-ի փոխանցմամբ՝ արտաքին առևտրաշրջանառությունը հունվար-փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 43.2%-ով, ընդ որում` արտահանումն ավելացել է 41 %-ով, իսկ ներմուծումը՝ 44.4%-ով:
Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ հունվար-փետրվարին հանրապետական միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 8.9 %-ով, իսկ տարեկան կտրվածքով`8.1%-ով: