Կարգի խախտմամբ հրավառություններ կատարողը պետք է պատասխանատվության ենթարկվի դատական ակտով. Զեյնալյան
Ազգային ժողովի այսօրվա նիստում քննարկման ներկայացվեց «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը։
Հիմնական զեկուցող Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը հայտնեց, որ օրինագիծը երկրորդ ընթերցման է ներկայացված լրամշակված տարբերակով։ Նա նշեց, որ «Ելք» խմբակցությունը գրավոր առաջարկ է արել, որի համաձայն նախագծում արվել է փոփոխություն:
«Լրամշակված նախագծով առաջարկվում է, որ տեխնիկական և հատուկ նշանակության հրավառությունների համար նախատեսված հրագործական նյութերի արտադրանքի, հրագործական բաղադրիչների և այլ պայթուցիկ սարքերի վաճառքը թույլատրվում է բացառապես սահմանված կարգով համայնքի ղեկավարի կողմից թույլտվություն ստացած իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին։
Առաջարկվել է համապատասխան լրացումներ կատարել նաև վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում, որտեղ առանց համայնքի ղեկավարի թույլտվություն ունեցող վաճառողը ենթարկվում է տուգանքի՝ առաջին անգամ 250 հազար դրամ, երկրորդ անգամ 300 հազար դրամ»,- ներկայացրեց փոխքաղաքապետը։
«Ելք» խմբակցությունն առաջարկել են նաև, որ տուգանքը սահմանվի միայն դատարանի վճռով, սակայն այս առաջարկը չի ընդունվել:
Մտքերի փոխանակման ժամանակ «Ելք»-ի պատգամավոր Արտակ Զեյնալյանն ասաց. «Մենք առաջարկում ենք, որ հրավառությունների կազմակերպման օրենսդրությունը խախտող անձը պատասխանատվության ենթարկվի միայն դատական ակտով, որովհետև դատական ակտը կայացնում է մարմին, ով օժտված է անաչառության, անկախության հատկանիշներով։ Երբ մարդուն ենթարկում են պատասխանատվության, պատժի, անունը կարող է դրվել տույժ և տուգանք, բայց էականը դրա բովանդակությունն է, իրականում տույժ և տուգա՞ք է, թե՞ քրեական պատասխանատվություն՝ իր ազդեցության ուժով»։
Նրա խոսքով՝ պետությունները որպեսզի հաշվետու չլինեն ՄԻԵԴ-ին, անունը դնում են վարչական իրավախախտում, որպեսզի խուսափեն:
«ՄԻԵԴ-ը դա հասկացավ և ասաց՝ նշանակություն չունի անունն ինչ եք դրել, կարևորը դրա էությունն է և մեղադրանքը կամ հետապնդումը բնութագրվում է մի քանի հատկանիշով, դրա բնույթով ու խստության աստիճանով: Այսինքն դրանցից մեկի առկայությունը բավարար է, որ հետապնդումը որակվի քրեական մեղադրանք և պետության համար պարտավորություններ առաջանան»,-ընդգծեց Զեյնալյանը:
Հարակից հրապարակումներ`
- Մարտավարությունը այդ անհատների շատ նման է մոբիլ ահաբեկչական խմբերին՝ կրակում են, յոթ րոպե հետո չկան. Սաղաթելյան
- Պահանջների խախտմամբ հրավառության իրականացումը կտուգանվի 1 մլն դրամով. Կամո Արեյան
- Միկրովիրաբույժի սահմռկեցուցիչ լուսանկարները՝ պայթուցիկներից զգուշանալու կոչ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան