«Ժողովուրդ». Կարեն Կարապետյանն ամեն կերպ փորձում է ապացուցել իր կառավարության աննախադեպ արդյունքները
«Ժողովուրդ»-ը գրում է. «Մինչ Սերժ Սարգսյանը չի բացառել նախագահի պաշտոնավարման ժամկետից հետո նոր Սահմանադրության պայմաններում վարչապետ դառնալու հավանականությունը, գործող վարչապետ Կարեն Կարապետյանն ամեն կերպ փորձում է ապացուցել, թե իր կառավարությունն աննախադեպ արդյունքներ է գրանցել»:
Մասնավորապես ԱՎԾ-ն հրապարակել է սոցիալ-տնտեսական վիճակի մասին տվյալներ, ըստ որոնց` միայն տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-փետրվար ամիսներին կազմել է 8.6 տոկոս: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կառավարությունը զգալի աճ է ցույց տվել շինարարության ոլորտում՝ 27.7 տոկոս, մինչդեռ տարիներ շարունակ այս ոլորտում միայն անկում էր:
Արդյունաբերական արտադրանքի ծավալներն, ըստ պաշտոնական վիճակագրության, աճել են 8.3 տոկոսով, արտաքին առեւտրաշրջանառությունը՝ 43.2 տոկոսով, իսկ ներքին առեւտրաշրջանառությունը՝ 17.4 տոկոսով: Ու միայն գյուղատնտեսության ոլորտում է արձանագրվել անկում՝ մոտ 0.1 տոկոսի չափով:
«Հետաքրքիր է` այս ցուցանիշները տեսնելուց հետո ՀՀԿ-ն ինչպես է հիմնավորելու Կարեն Կարապետյանի փոխարեն Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում առաջադրելու որոշումը»,- գրում է թերթը:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: