«Կարմենի» այսօրվա ներկայացումը նվիրվում է Զարուհի Դոլուխանյանի ծննդյան 100-ամյակին
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մարտի 21-ին, ժամը 19:00-ին, կներկայացվի Ժ. Բիզեի «Կարմեն» օպերան, որը նվիրվում է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, մեցցո-սոպրանո Զարուհի Դոլուխանյանի ծննդյան 100-ամյակին: Այս մասին տեղեկանում ենք մշակույթի նախարարության ֆեյսբուքյան էջից:
Զարուհի Դոլուխանյանը ծնվել է 1908 թ. Մոսկվայում: 1933թ. ավարտել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ուսումնարանը, 1957թ.՝ Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական մանկավարժական ինստիտուտը: 1941թ. ընդունվել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոն, հանդես եկել մի շարք օպերաներում՝ Պ.Չայկովսկու «Եվգենի Օնեգին» (Օլգա), «Պիկովայա Դամա» (Պոլինա), Ա.Սպենդիարյանի «Ալմաստ» (Գայանե), Գուևոյի «Ֆաուստ» (Զիբել), Ն.Ռիմսկի-Կորսակովի «Թագավորի հարսնացուն» (Դունյաշա) և այլն:
1944թ. տեղափոխվել է Մոսկվա, նվիրվել համերգային գործունեության: Եղել է Համամիութենական ռադիոյի և հեռուստատեսության, 1959թ-ից՝ Մոսկվայի ֆիլհարմոնիայի մենակատար: Համերգներ է տվել Անգլիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Գերմանիայում, Կանադայում, Իտալիայում, Հունաստանում, Լեհաստանում և այլուր:
1951թ. պարգևատրվել է ԽՍՀՄ Պետական, 1966թ.՝ Լենինյան մրցանակներով, 1998թ. և 1999թ.՝ ՌԴ մշակույթի նախարարության ոսկե մեդալներով և այլ պարգևներով: 2003թ.
նրա անունով աստղ է անվանակոչվել: 1952թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր, 1955թ.` Հայաստանի, 1956թ.՝ Ռուսաստանի, 1990թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Մոսկվայում:
Հարակից հրապարակումներ`
- «Կարմեն» օպերայի պրեմիերան՝ սեպտեմբերի 24-ին և 25-ին
- «Կարմեն» օպերան լրացումների կարիք ունի. Օպերային թատրոն