«Հանդիպում» հայկական տեքստիլի հետ. «TextilLegProm»-ը միջազգային մատակարարների համար օր է նշանակել
Թեթև արդյունաբերության ոլորտի 5 ընկերություն միասնական տաղավարով մարտի 20-23-ը Մոսկվայում Հայաստանը ներկայացնում են «TextilLegProm» միջազգային ցուցահանդեսում։
Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայության փոխանցմամբ, «ՏեքստիլԼեգՊրոմը» տարեկան 2 անգամ անցկացվող տոնավաճառ-ցուցահանդես է, որտեղ աշխարհի 25 երկրից ավելի քան 2000 ընկերություն ներկայացնում է տեքստիլ արտադրանք և թեթև արդյունաբերության սարքավորումներ։ Այն իր 42 000 քմ տարածքով համարվում է աշխարհի ամենամեծ 50 ցուցահանդեսային միջոցառումներից մեկը։
«TextilLegProm»-ը միջազգային մատակարարների, միջին և խոշոր գնորդների համար հայաստանյան արտադրողների հետ բիզնես հանդիպում է կազմակերպել, որին «Լենտեքս», «Ալեքս տեքստիլ», «Արշալույս», «Մոսինի» և «Սարտոն» ընկերությունները կներկայացնեն արտադրական կարողությունները և արտահանման ենթակա նմուշները։ Բացի այդ, 50-րդ հոբելյանական ցուցահանդեսի կատալոգը կներկայացնի Հայաստանի տեքստիլ ոլորտի վերջին տարիների ձեռքբերումները։
«Որևէ երկրի արտադրողների հետ հատուկ հանդիպման կազմակերպումը բացառիկ միջոցառում է միջազգային էքսպոյի շրջանակում, որը հայաստանյան արտադրողների բանակցային հնարավորությունները պարզապես բազմապատկում է։ Վստահաբար, որոշիչ է եղել հայաստանյան տեքստիլ ոլորտի արագ աճն ու արտահանման ներուժը»,- նշել է ՀԶՀ Միջազգային համագործակցության թիմի ղեկավար Նարեկ Ալեքսանյանը։
«ՏեքստիլԼեգՊրոմը» գործնական պայմանավորվածությունների արդյունավետ հարթակ է. անցած տարվա 2 ցուցահանդեսների ընթացքում հայաստանյան արտադրողներն ավելի քան 730 միլիոն դրամի արտահանման պայմանագրեր են կնքել:
Հարակից հրապարակումներ`
- Սուտ-սուտ գրում եք, որ մեր տեքստիլը գնացել ա Ռուսաստան, թանկության պատճառով հետ ա եկել. Ալեքսանյան
- 500 աշխատատեղ՝ տեքստիլի ոլորտում
- Արթիկում նախատեսվում է կառուցել տեքստիլ գործարան, որը կապահովի շուրջ 600-700 աշխատատեղ
- Արտոնություն է տրամադրվել թեթև արդյունաբերության ոլորտի ներդրումային ծրագրի
- Հայկական տեքստիլ ընկերությունները կհամագործակցեն Ֆրանսիական «Բետրանկուր» ընկերության հետ
- Տիգրան Դավթյան. Հայաստանի թեթև արդյունաբերությունն ունի զարգացման ներուժ