
Առաջարկվող գները՝ նաև Թուրքմենստանից, մրցունակ չեն այսօր ՌԴ կողմից ստացվող գազի գների հետ. Ա. Մանուկյան
«Գաղտնիք չէ, որ երկրի տնտեսական հիմնասյուներից մեկն անկախ և կայուն էներգետիկ համակարգ ունենալն է»,- այսօր ԱԺ-ում «Ելք» խմբակցության՝ ՀՀ էներգետի համակարգի վիճակի մասին հարցապնդման պատասխանը քննարկելու ընթացքում նշեց «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը։
Դիմելով ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանին՝ պատգամավորն ասաց, թե հաշվի առնելով տարածաշրջանի առանձնահատկությունը՝ Հայաստանն Իրանի հետ ի՞նչ նոր գազիֆիկացման ծրագրեր, նոր պայմանավորվածություններ ունի:
«Միանշանակ այո, Հայաստանը պետք է դառնա տարանցիկ միջանցք գազի փոխադրման համար։ Այսօր գործող տեխնոլոգիաները և առկա հզորությունները թույլ են տալիս գազը «տարանցել» ամենևին էլ ոչ ֆիզիկապես: Այսինքն՝ Իրանից կոնկրետ Վրաստան գազ տարանցելու համար բացարձակապես անհարժեշտ չէ ՀՀ տարածքով կառուցել խողովակաշար։ Արդեն բազմաթիվ երկրներում օգտագործվում է «սվոբ» գաղափարը: Մենք կարողանում ենք տեսականորեն Իրան-Հայաստան սահմանին գազ ստանալ, Ռուսաստանի և Վրաստանի սահմանին փոխանցել այլ գազ: Այսինքն՝ այստեղ լրացուցիչ արդյունաբերական կամ տարանցիկ հզորություններ կառուցելու որևէ անհրաժեշտություն չկա»,-պարզաբանեց նախարարը՝ շեշտելով, որ ունեցած հնարավորությունները միանգամայն բավարար են։
Նրա խոսքով՝ այստեղ հիմնական մեխը բնական գազի գնի մեջ է՝ որքանով են պայմանները և գինը մրցակցային:
«Մեզ առաջարկվող գները՝ նաև Թուրքմենստանից, մրցունակ չեն այսօր ՌԴ կողմից ստացվող գազի գների հետ»,- ասաց Աշոտ Մանուկյանը։
«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ չկիսելով այս տեսակետը, նշեց. «Իրանից մենք կարող ենք ունենալ ավելի էժան գազ, ուղղակի չկա դրա համար համապատասխան քաղաքական կամ, բանակցողներ»։