Ուսուցիչների կողմից քարոզչության իրականացումը սահմանափակող նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ
Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ քվեարկության դրեց «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը։
Վարման կարգով «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը նշեց. «Մեր խմբակցության պատգամավորները հանձնաժողովի նիստի ժամանակահատվածում ներկայացրել են առաջարկություններ, առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում մենք մեր առաջարկությունները սահմանված ձևով կներկայացնենք, հեղինակների կողմից եթե կընդունվեն մեր առաջարկությունները, մենք կողմ կքվեարկենք, այս պահի դրությամբ մեր խմբակցությունը քվեարկում է ձեռնպահ»։
«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ նշեց, որ բավականին թերություններ կան, առաջարկել են, որ շտկեն. «Այս փուլում քանի որ շտկված չէ, քվեարկելու ենք ձեռնպահ»։
Նախագիծն ընդունվեց 65 կողմ, 31 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։
Արփինե Հովհաննիսյանի հեղինակած ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 96 կողմ ձայնով։
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քվեարկության դրեց «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը տեղեկացրեց, որ նախագիծը սահմանադրական է, ուստի պետք է ընդունվի պատգամավորների ձայների 3/5-րդով:
Վարման կարգով խոսեց «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը, ով նշեց, որ ՀՀ ԸՕ-ի հետ կապված «Ծառուկյան» խմբակցությունն իր նախաձեռնությունն ու առաջարկությունն ուներ, որը չընդունվեց. «Այս նախագիծը դրական միտում է պարունակում, բայց խնդիրը չի լուծվում, ունենք առաջարկություններ, ընդգրկվելու դեպքում կողմ կքվեարկենք, իսկ այս տեսքով՝ ձեռնպահ»։
Վարման կարգով խոսեց նաև «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը, ով նշեց, որ նախագծում կարևոր փոփոխություն է կատարված, և ուսուցիչների, բուժաշխատողների համար ի պաշտոնե քարոզչություն իրականացնելու սահմանափակում է նախատեսված:
«Կարևոր է նաև այն փոփոխությունը, ըստ որի՝ գրանցված կուսակցությունը ընտրությունների բողոքարկման համար կարող է դիմել Վարչական դատարան, ինչը կանխարգելիչ գործոն է: «Ելքը» կողմ է քվեարկելու»,- ասաց պատգամավորը։
Նախագիծն ընդունվեց 74 կողմ, 23 ձեռնպահ ձայնով:
Հարակից հրապարակումներ`
- Առաջարկվում է, որ դատական նիստերի տեսանկարահանումը լինի կողմերի համաձայնությամբ և դատարանի թույլտվությամբ
- Գործուղում ենք մարդկանց, որոնք դիվանագիտական աշխատանքին այնքան են տիրապետում, որքան ես տիեզերագնացությանը. Պատգամավոր
- Նախագծով հստակ սահմանափակվում է վարչական ռեսուրսի օգտագործումը քարոզչության ժամանակ. փոխնախարար
- Ուսուցիչները չպետք է քարոզչությամբ զբաղվեն ոչ աշխատանքի ժամին, ոչ դրանից դուրս. Զեյնալյան
- Էապես փոխվել է հանրաքվեի ինստիտուտի էությունը. փոխնախարար
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում