Հայ պատգամավորը Ստամբուլում «Եվա» ֆիլմն արգելելու հարցը բարձրացրել է մեջլիսում
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցությունից» (CHP-ԺՀԿ) ընտրված հայ պատգամավոր Սելինա Դողանը մեջլիսում բարձրացրել է իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադի «Եվա» ֆիլմի ցուցադրությունն արգելելու հարցը:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, Դողանը մեջլիսի ղեկավարությանն է ներկայացրել Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին ուղղված գրավոր հարցում՝ հետաքրքրվելով ֆիլմի ցուցադրումն արգելելու պատճառների մասին:
Հայ պատգամավորը շեշտել է, որ «Եվա» ֆիլմը պետք է ցուցադրվեր Ստամբուլում անցկացվող «Ֆիլմմոր» միջազգային կինոփառատոնի շրջանակներում, բայց ցուցադրությունն արգելվել է մեկ այլ երկրի պահանջով:
Դողանը թուրք նախարարին ուղղել է հետևյալ հարցադրումները.
«Ֆիլմն արդյո՞ք ուսումնասիրվել է Ձեր նախարարության կողմից: Եթե ուսումնասիրվել է, ապա ֆիլմի ո՞ր դրվագներում են առկա արգելքի համար հիմք հանդիսացող տարրեր: Եթե այդպիսի հիմքեր կան, ապա դրանք գործող օրենսդրության ո՞ր հոդվածներն են խախտում»:
Դողանն ավելացրել է նաև, որ կինոփառատոնի թեմային համապատասխանող և կնոջ ապրած անձնական դրամայից բացի այլ բան չպարունակող ֆիլմի ցուցադրության արգելքը կարելի է դիտել որպես պատասխան այն հարցին, թե ինչու է Թուրքիան մինչև հիմա գիտության, արվեստի ու սպորտի բնագավառներում հետ մնացել միջազգային չափանիշներից:
Հիշեցնենք, որ Ֆիլմը պատմում է մի կնոջ մասին, ով փախչում է Իրանում գտնվող իր նախկին ամուսնուց և ապաստան գտնում Արցախի գյուղերից մեկում:
Ֆիլմի ցուցադրությունը նախատեսված է եղել մարտի 17-ին, սակայն ցուցադրությունից ժամեր առաջ Ստամբուլի նահանգապետարանը հատուկ գրությամբ կինոփառատոնի կազմակերպիչներին տեղեկացրել է ներքին գործերի նախարարության արգելքի մասին:
Կինոփառատոնի կազմակերպիչներից Մելեք Օզմանը հայտարարել էր, որ ֆիլմն արգելվել է Ադրբեջանի ղեկավարության ակտիվ միջամտության հետևանքով:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի պահանջով Ստամբուլում արգելվել է իրանահայ ռեժիսորի ֆիլմի ցուցադրությունը
- Շատ քիչ մարդ է հավատացել, որ այս ֆիլմը կէկրանավորվի. «Եվա» ֆիլմի ռեժիսոր
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան