Ընկերական խաղ՝ Հայաստանի և Վրաստանի անվասայլակով բասկետբոլի թիմերի միջև
Մարտի 21-ին Երևանի «ՄԻԿԱ» մարզահամալիրում անցկացվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության անվասայլակով բասկետբոլի «Արտակարգ» թիմի և Վրաստանի անվասայլակով բասկետբոլի թիմի միջև ընկերական խաղը: Խաղին հետևում էին ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ինչպես նաև՝ Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեն: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
Ընկերական խաղի կազմակերպմանն աջակցել են նաև ՀՀ սպորտի և երիտասարդության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունները, ինչպես նաև՝ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը: Որպես կամավորներ՝ մարզումների ընթացքում հայ և վրացի մարզիկներին աջակցել են Արաբկիրի մարզադպրոցի սաները:
Դիտարժան խաղն ավարտվել է հայ մարզիկների հաղթանակով՝ 33-21 հաշվով: Միջոցառման ավարտին հայ և վրացի անվասայլակավոր մարզիկները պարգևատրվել են համապատասխանաբար Հայաստանում Վրաստանի դեսպան Գ. Սագանելիձեի և ԱԻ նախարար Դ. Տոնոյանի կողմից:
Ողջունելով մարզիկներին՝ Դ. Տոնոյանը նշել է, որ մարզասարահում ստեղծվել էր արտակարգ տրամադրություն և ոգևորություն, ինչն աննախադեպ դիտարժան խաղ է ապահովել:
«Այսօրվա հանդիսավոր միջոցառումը հարգանքի տուրք էր մեր մարզիկներին, որոնք այս նախաձեռնության հեղինակներն են: Նրանց՝ սեփական ուժերի և հնարավորությունների նկատմամբ հավատը ոգեշնչման օրինակ է բոլորիս համար: Այսպիսի միջոցառում տարածաշրջանում անցկացվում է առաջին անգամ, և մեզ համար այն պատշաճ մակարդակով անցկացնելը մեծ պատասխանատվություն էր, ինչը հնարավոր չէր լինի առանց մեր գործընկերների աջակցության: Առաջնային նպատակ ունենալով աղետների նվազեցումն ու կանխարգելումը՝ արտակարգ իրավիճակների նախարարությունը կարևորում է նաև առողջ ապրելակերպը և սպորտը, ուստի կանենք ամեն ինչ նման միջոցառումների շարունակակնության ապահովման համար: Առանձնակի շնորհակալություն եմ հայտնում ՀՀ սպորտի և երիտասարդաության հարցերի նախարարին, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը և Հայկական կարմիր խաչի ընկերությանը»,- նշել է ԱԻ նախարարը:
Շնորհակալություն հայտնելով միջոցառման կազմակերպիչներին՝ Գ. Սագանելիձեն ասել է, որ այս բարեկամական հանդիպումը հոգու անհաղթելիության, ներքին տոկունության, անպարտելիության, հույսի և սիրո տոնն է. «Հաջողություններ եմ մաղթում այսօրվա ընկերական մրցույթի յուրաքանչյուր մասնակցին: Այսօր չկան հաղթողներ և պարտվողներ: Ես խորապես համոզված եմ, որ այս ընկերական մրցույթում հաղթեց վաղվա օրվա հույսը, կյանքի սերը, կամքը, եղբայրությունը և բարեկամությունը»:
Վրաստանի՝ անվասայլակներով բասկետբոի ֆեդերացիայի նախագահ, թիմի ավագ Իրակլի Գիորգիաձեն լրագրողների հետ զրույցում նշել է, որ առաջին անգամ չէ Հայաստանում, և իր համար հայկական հյուրընկալությունը անակնկալ չէ. «Այստեղ մարդիկ շատ սիրալիր են և հյուրընկալ: Ցանկանում եմ արտահայտել իմ խորին երախտագիտությունը հայ ժողովրդին: Հաջորդ առաջնությունը նախատեսում ենք անցկացնել Վարաստանում, կհրավիրենք նաև ԱԻ նախարարության թիմին: Այս թիմը շատ ուժեղ է, բացի այդ շատ լավ տղաներ են»:
Նշենք, որ ՀՀ ԱԻ նախարարությունը նախատեսում է առաջիկայում ստեղծել «Արտակարգ սպորտային ակումբ», որը կնպաստի նորանոր հաղթանակների ձեռքբերմանը: Այսօր արդեն արված են առաջին լուրջ քայլերը՝ հաշմանդամային սպորտի ակտիվացման ուղղությամբ: Հաշմանդամների բասկետբոլի թիմը, որի կազմում են նաև նախարարության 8 աշխատակից, պարբերաբար մարզվում է և պատրաստվում միջազգային հարթակներում ներկայացնել մեր երկիրը: