ԵՊՀ շրջանավարտների միավորումը նախատեսում է Մոնթե Մելքոնյան փողոցին հարակից տարածքում կառուցել 1000 նոր բնակարան
«Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպությունը դիմել է ՀՀ կառավարությանը՝ խնդրելով քննարկել Երևան քաղաքի Մոնթե Մելքոնյան փողոցին հարակից տարածքում շուրջ 6,57 հա մակերեսով հողամասը ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված կարգով կազմակերպությանը, կադաստրային արժեքով վաճառելու հնարավորությունը։ Այս մասին որոշման նախագիծն ընդգրկվել է ՀՀ կառավարության մարտի 22-ի նիստի օրակարգում:
«Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպությունը, որն իրականացնում է բնակարանային ապահովության սոցիալական ծրագրեր, Երևանում կառուցում է բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքային համալիրներ, որոնց բնակարանները շուկայականից անհամեմատ ցածր գներով տրամադրվում են Հայաստանի մի շարք բնագավառների բնակարանի կարիքավոր երիտասարդ մասնագետներին:
Նախագծի հիմնավորման համաձայն՝ ներկայումս, հաշվի առնելով մատչելի պայմաններով բնակարան ձեռքբերելու մեծ պահանջարկը և շուրջ 1200 երիտասարդ ընտանիքների կողմից ներկայացված դիմումները որոշվել է ընդլայնել բնակարանաշինական ծրագրերի շրջանակը և մատչելի պայմաններով բնակարան ձեռքբերելու հնարավորություն ընձեռնել բոլոր կարիքավոր դիմումատուներին:
««Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպությունը նախատեսում է իրականացնել բնակարանային ապահովության սոցիալական-ներդրումային ծրագիր, որի շրջանակում նշված տարածքում կկառուցվի «Վերածնունդ» երիտասարդական ավանը։ Ավանը կունենա շուրջ 1000 բնակարաններ, կանաչապատ հանգստի գոտիներ, մանկապարտեզ, կենցաղ-սպասարկման և հասարակական նշանակության տարածքներ։ Ծրագրի ներդրումային ընդհանուր արժեքը կկազմի շուրջ 52 մլրդ ՀՀ դրամ և առաջիկա 3 տարիների ընթացքում կստեղծվի մոտ 2400 աշխատատեղ։ Ծրագրի մեկնարկը նախատեսվում է 2018թ․ ապրիլի 1-ին, իսկ ավարտը՝ 2021թ․ հուլիսի 1-ին»,- նշված է հիմնավորման մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին