Պատգամավոր. Փաստացի ստացվում է, որ ատամնաբուժարանները մի քանի անգամ են հարկվում
Վերջին շրջանում առողջապահական ոլորտում իրականացվող քաղաքականության հետևանքով Հայաստանում ատամնաբուժական ծառայությունները թանկանում են: ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
Պատգամավորը նախարար Ալթունյանից հետաքրքրվեց՝ չե՞ք վախենում, որ թանկացման հետևանքով մարդիկ այդ ծառայությունները կստանան ոչ թե Հայաստանում, այլ օրինակ հարևան Վրաստանում, ինչպես սրտի ստենդավորման դեպքում է: Փաշինյանը նաև հարցրեց, թե ինչու չեն կնքել պետպատվերի պայմանագրերը:
Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ասաց, ամեն տարի պայմանագրերը կնքվում են մինչև մարտի 15-ը, այս տարի մեկ շաբաթ ուշացումով է սկսել գործընթացը: Ալթունյանը հակված չէ այն մտքին, որ ծառայություններն էլեկտրոնային համակարգի ներդրման հետևանքով թանկանալու են:
«Ծառուկյան» դաշինքից Մարինա Մարգարյանի հարցն էլ ուղղված էր առողջապահության նախարարին: Նա խնդրեց պարզաբանել, թե ինչ լրացուցիչ ծախսեր են առաջանալու տնտեսվարողների համար էլեկտրոնային համակարգին միանալու դեպքում:
«Արդյոք վճարո՞վի է էլեկտրոնային ծրագիրը, ապահովվա՞ծ է տվյալների գաղտնիությունը, սահմանվում են լրացուցիչ գանձումներ»,-հարցրեց պատգամավորը:
Գործադիր մարմնի ներկայացուցիչն ասաց, որ այս պահին էլեկտրոնային համակարգում գրանցված է 1600 բուժհաստատություն, որից 392-ն ատամնաբուժարաններն են:
«Ծրագիր մշակող օպերատորը մինչև 01.06.2018թ. ազատել է բուժկենտրոններին բաժանորդավճարից: Դրանից հետո բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, կվճարվեն դրանք»,-ասաց նա:
Պատգամավորն արձագանքեց, փաստացի ստացվում է, որ ատամնաբուժարանները հարկվում են մի քանի անգամ: