Ես սովորել եմ իմ ապրումակցման դասը մի քանի ամիս առաջ. Պյոտր Սվիտալսկի
ԵՄ հիմքում ընկած արժեքներից մեկն այն է, որ իր հասարակությունում չի կարող լինել երկրորդ կարգի որևէ քաղաքացի: Մարտի 22-ին «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքերի պաշտպանության և սոցիալական ներառման» մասին օրենքի նախագծի քննարկմանը այս մասին նշեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Նրա խոսքով՝ մեծ քայլ է այն, որ ՀՀ կառավարությունը պատրաստել է այս օրինագիծը՝ առաջին համակողմանի, համալիր և Մարդու իրավունքների վրա հիմնված օրինագիծը՝ հաշմանդամություն ունեցող մարդկանց համար, այն արտացոլում է արժեքների ընդհանրությունը, մարմնավորումն է եվրոպական արժեքների: «Հայաստանի՝ ԵՄ հետ վերջերս ստորագրած համաձայնագիրը՝ համապարփակ և ընդլայնված գործըներության մասին, շատ հստակ ձևակերպումներ ունի այս ոլորտում մեր համագործակցության մասին: 85-րդ հոդվածը նշում է, որ պետք է ապահովել այնպիսի սոցհամակարգեր, որոնք ինտեգրում են նաև հաշմանդամություն ունեցող անձանց, և ի թիվս այլոց՝ խտրականության դեմ պայքարել նաև հաշմանդամության հիմքով»,- ասաց նա:
Սվիտալսկու գնահատմամբ՝ շատ հաջողված աշխատանք է կատարվել հատուկ կարիքներ ունեցող անձանց ինտեգրված լինելու ուղղությամբ, սակայն շատ բան կախված է օրենքի կիրարկումից, միայն լավ մտադրությունները, ծրագրերը բավարար չեն: Նա ասաց, որ ԵՄ-ն պատրաստ է անհրաժեշտ աջակցությունը տրամադրել հայաստանյան իշխանություևններին՝ որպես համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման մեխանիզմ, ու սոցապին, ինչպես նաև այլ մարմինների կարող են հնարավորություն տալ՝ օգտվելու հնարավոր գործիքներից:
«Օրենքներում և դրանց կիրարկման համար ստանձնված գործողություններում մարդկանց մասնակցությունն անհրաժեշտ է, բայց նախ՝ պետք է հանրային ապրումակցում, անհրաժեշտ է, որ հասարակությունը դառնա զգայուն և գիտակցի այդ մարդկանց կարիքները»,- ասաց նա՝ ընդգծելով, որ պետք է օգտվել այնպիսի երկրների փորձից, ովքեր ձգտել են իդեալական հասարակության: Սվիտալսկին նշեց՝ հասարակության մեջ կան տարբեր մարդիկ, այդ թվում՝ հատուկ կարիքներ ունեցող անձինք, ովքեր հավասար իրավունքներ ունեն ցանկացած հարցում:
«Ես սովորել եմ իմ ապրումակցման դասը մի քանի ամիս առաջ, երբ պարզեցի, որ մարդիկ, ովքեր ունեն հատուկ կարիքներ, տեսնում են, որ աշխարհը այլ է: Ես որևէ մեկին չեմ ցանկանա իմ ապրումակցման դասը ապրել, դրա միջով անցնել իր փորձառությամբ, բայց բոլորս գիտենք՝ որքան կարևոր է, որ հասարակությունը բաց լինի հատուկ կարիքներ ունեցող անձանց համար: Բոլորս պատրաստ ենք աջակցել այս շատ ազնիվ ու կարևոր նպատակին, որը ողջ հասարակությանը ջանքը պիտի լինի»,- ասաց նա: