Ցուկերբերգը ներողություն է խնդրում մարդկանց անձնական տվյալների հավաքագրման սկանդալի ու ֆեյսբուքի սխալների համար
Օրեր շարունակ լռությունից հետո Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հայտարարություն է արել ու խոսել ընկերության հետ կապված սկանդալի մասին։
Այս շաբաթվա սկզբին տեղեկություն տարածվեց, որ Cambridge Analytica ընկերությունը մոտ 50 մլն ամերիկացիների անձնական տվյալները հավաքագրել է ֆեյսբուքի միջոցով ու օգտագործել դրանք քաղաքական նպատակներով ու քաղաքական խորհրդակցության համար՝ այդպիսով մասնավորապես ազդելով ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքի վրա՝ հօգուտ Թրամփի։
Ֆեյսբուքում կատարած գրառման մեջ Մարկ Ցուկերբերգը ներողություն է խնդրել ֆեյսբուքի սխալների համար ու նշել, որ սոցիալական պլատֆորմը փոփոխություններ է կատարելու, թե ինչպես պետք է օգտատերերի անձնական տվյալները կիսի երրորդ կողմ հանդիսացող ծրագրերի հետ։
Ցուկերբերգը խոստովանում է, որ ֆեյսբուքի քաղաքականությունը, որը հնարավորություն է տվել անձնական տվյալների չարաշահման, «վստահության խախտում է ֆեյսբուքի ու այն մարդկանց միջև, ովքեր կիսվել են իրենց տվյալներով՝ ակնկալելով, որ մենք կպաշտպանենք այն»։
«Մենք պարտավորություն ունենք պաշտպանել ձեր անձնական տվյալները և եթե չենք կարողանում, ապա մենք արժանի չենք ձեզ ծառայելու»,-գրել է Ցուկերբերգը՝ խոստովանելով, որ ընկերությունն արդեն իսկ որոշակի փոփոխություններ է կատարել այն կանոններում, որոնք հնարավորություն են տվել խախտումներ իրականացրել ու ավելացրել, որ սխալներ են եղել, որոնք պետք է ուղղվեն։
Ցուկերբերգը ներկայացրել է ֆեյսբուքում իրականացված միջոցառումների հաջորդականությունը 2007թ․-ից, երբ որոշում կայացվեց ֆեյսբուք պլատֆորմը առավել սոցիալականդարձնել, որի շնորհիվ ֆեյսբուքի օգտատերերը կարող են տեսնել ընկերների ծննդյան օրերը, որտեղ են ապրում ընկերները, նկարները։ Այս ամենի համար մարդկանց հնարավորություն է տրվել մուտք գործել հավելվածներ ու իրենց մասին ինֆորմացիայով կիսվել ընկերների հետ։
Նշվում է, որ 2013թ․-ին Քեմբրիջի համալսարանի հետազոտող Ալեքսանդր Կոգանը ստեղծել է անձնական վիկտորինայի հավելված, որը ներբեռնվել է ողջ աշխարհում մոտ 300 հազար անգամ, ովքեր հավելվածին տրամադրել են իրենց ու նաև իրենց ընկերների տվյալները։ Սա նշանակում է, որ Կոգանը հասանելիություն է ունեցել միլիոնավոր մարդկանց անձնական տվյալներին։
2014թ․-ին անձնական տվյալների չարաշահումը կանխելու համար ֆեյսբուքը որոշակիորեն կրճատել է հավելվածների կողմից պահանջվող անձնական տվյալների բազան, որի օրինակ է այն, որ Կոգանի հավելվածն արդեն մարդկանցից չէր կարող պահանջել իրենց ընկերների տվյալները՝ առանց ընկերների համաձայնության։
2015թ․-ին ֆեյսբուքը ԶԼՄ-ներից տեղեկանում է, որ Կոգանն իր հավաքագրած տվյալները տրամադրել է Cambridge Analytica ընկերությանը, ինչը դեմ է ֆեյսբուքի քաղաքականությանը՝ մարդկանց տվյալները փոխանցել՝ առանց նրանց համաձայնության։ Ինչպես գրում է Ցուկերբերգը, ֆեյսբուքը պահանջել է, որ Կոգանն ու Cambridge Analytica-ն վերացնեն մարդկանց անձնական տվյալների ողջ բազան և կողմերը հայտնել են, որ ողջ բազան վերացված է։ Սակայն, ինչպես պարզվեց նախորդ շաբաթ, այդ բազան չի վերացվել ու այժմ աշխատանքներ են տարվում հետաքննելու տեղի ունեցածը։
Ցուկերբերգը ներկայացրել է, թե ինչ քայլեր է ձեռնարկում ֆեյսբուքը՝ կանխելու երրորդ անձանց կողմից մարդկանց տվյալների հավաքագրումը, որոնցից առաջինը նշվում է, որ ուսումնասիրվելու են բոլոր հավելվածները, որոնք մեծ քանակության ինֆորմացիայի հասանելիություն ունեն մարդկանց վերաբերյալ, արգելվելու է այն հավելվածների գործունեությունը, որոնք չարաշահել են մարդկանց անձնական տվյալները։ Ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ տեղեկացվելու են ֆեյսբուքի օգտատերերը։
Երկրորդը, սահմանափակվելու է անձնական տվյալների հասանելիությունը, օրինակ եթե հավելվածը ներբեռնելուց հետո 3 ամիս այն չեք օգտագործել, ապա հավելվածն այլևս չի ստանա տեղեկություններ ձեր մասին։
Երրորդ, ֆեյսբուքն օգնելու է օգտատերերին հասկանալ, թե որ հավելվածներին է թույլ տվել մուտք ունենալ անձնական տվյալներ ու արդեն հաջորդ ամիս ֆեյսբուքի յուրաքանչյուր օգտատիրոջ News Feed-ում կհայտնվի այդ հավելվածների ցանկը, որն արդեն օգտատերը կկարողանա սահմանափակել։
«Ես եմ սկսել ֆեյսբուքը և ես եմ պատասխանատու, թե ինչ է կատարվում այս պլատֆորմում։ Ես ամենայն լրջությամբ եմ վերաբերվում մեր համայնքի պաշտպանությանը»,-գրել է Ցուկերբերգն ու նաև շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր հավատում են «մեր առաքելությանն ու աշխատում՝ այս համայնքը միասին կառուցելու համար»։