Մենք սովորում ենք իրար փորձառությունից. Մաթիաս Քիսլեր
Հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ վերաբերմունքը տասնամյակների ընթացքում փոխվել է: Մարտի 22-ին Երևանում «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» քննարկմանը Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը փոխանցեց ոլորտում Գերմանիայի ունեցած փորձը:
«Մենք ևս երկար ճանապարհ ենք անցել՝ ավելի լավ ընդունելու և ինտեգրելու հաշմանդամություն ունեցող անձանց: Երբ ես երիտասարդ էի՝ ընդունված էր, որ մենք խտրականություն էինք կիրառում նրանց դեմ: Ես հիշում եմ՝ ինչպիսին էր վերաբերմունքը Դաունի սինդրոմ ունեցող երեխաների նկատմամբ: Ծնողները վախենում էին, որ երեխաները դուրս գան տնից, վախենում էին, որ կծաղրեն նրանց»,- ասաց նա՝ հավելելով, որ խոսքն ընդամենը քառասուն-հիսուն տարի առաջվա մասին է:
Գերմանիայում, սակայն, այդ խտրականության դեմ պայքարելու ուժ գտան: Դեսպանի խոսքով՝ ժամանակն է պատրաստել հասարակությանը և հիմնարար աշխատանքներ կատարել: Քիսլերը նշեց՝ շատ բան է փոխվել, բայց դեռ փոխելու շատ բան կա:
«Ես կարծում եմ՝ հիմա Գերմանիայի բնակչության մեծ մասը հասկացել է և գիտակցում է, որ բոլորիս համար է օգտակար, որ ավելի լավ ինտեգրենք, ներառենք հաշմանդամություն ունեցող անձանց, նույնը նաև Հայաստանին է վերաբերում»,- ասաց նա:
Դեսպանն ասաց, որ եղել է հաստատություններում, որտեղ խնամում են հաշմանդամություն ունեցող անձանց, ու թեպետ քաջալերելի է տեսնել ՀԿ-ներն ու անձանց՝ այս ոլորտում ակտիվորեն աշխատող, բայց հավասարապես անգամ ավելի կարևոր է տեսնել պաշտոնյաների և կառավարության դերը այս գործում:
Քիսլերը նշեց՝ հաշմանդամություն ունեցող անձանց ներառումը պետք է կախված չլինի որոշ ՀԿ-ների պատրաստակամությունից, այն կառավարության և խորհրդարանի խնդիրն է: «Մենք սովորում ենք իրար փորձառությունից, և ես այս գործընթացի ամբողջ ընթացքին կմասնակցեմ»,- ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Ես սովորել եմ իմ ապրումակցման դասը մի քանի ամիս առաջ. Պյոտր Սվիտալսկի
- Նոր օրենք՝ միտված հաշմանդամություն ունեցող անձանց համար միջավայրի մատչելիությանը
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա