«S'Unique». Սյունիքի մարզում բացվել է առաջին ժամանակակից կինոթատրոնը
Սյունիքի մարզկենտրոն Կապանում բացվել է «S'Unique» կինոթատրոնը: «Սյունիքի մարզի զարգացման և ներդրման» հիմնադրամից մանրամասնում են, որ Սյունիքի մարզի զարգացման և ներդրման հիմնադրամ Ժամանակակից տեխնիկայով և դիզայներական լուծումներով հագեցած կինոթատրոնն իր տեսակով միակն է Հայաստանի մարզերում: Այն իր կառուցվածքով և կահավորմամբ համապատասխանում է միջազգային ստանդարտներին. հագեցած է գերմանական արտադրության վերջին սերնդի կինոտեխնիկայով:
Կինոդահլիճն ունի 84 նստատեղ, իսկ տոմսերը Երևանում գործող կինոթատրոններից տոմսերի արժեքից զգալի ցածր են:
Կինոթատրոնի առաջին հյուրերն էին Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» ղեկավարությունը, մարզային և համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ, Կապան համայնքի պատվավոր քաղաքացիներ և մշակութային գործիչներ: Հյուրերը շրջայց են կատարել նորաբաց կինոթատրոնում, ներկա են եղել կինոդիտման ու ծանոթացել են ժամանցի կազմակերպման համար ստեղծված պայմաններին:
«S'Unique» կինոթատրոնի էկրանին ցուցադրված առաջին ֆիլմը եղել է 1980 թվականին նկարահանված «Թռիչքը սկսվում է գետնից» ֆիլմի այն հատվածը, որը նկարահանվել է Կապանի օդանավակայանում: Խորհրդանշական ֆիլմի ընտրությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ մի քանի ամիս անց վերագործարկվելու է Կապանի օդանավակայանը:
«Մենք տևական ժամանակ մտածում էինք՝ ինչ կարելի է անել մարզի երիտասարդության ժամանցը կազմակերպելու և առօրյան հետաքրքիր դարձնելու համար: Կարծում եմ՝ կինոթատրոնը լավագույն լուծումն էր: Ուրախությամբ պետք է նշեմ, որ նորաբաց կինոթատրոնը հագեցած է ժամանակակից բոլոր տեխնիկական միջոցներով և բավականին հարմարավետ է: Հուսով եմ՝ կարճ ժամանակ անց այն երիտասարդների սիրելի վայրը կդառնա», - լրագրողների հետ զրույցում ասել է Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը՝ հավելելով, որ «S'Unique» կինոթատրոնում պարբերաբար անվճար ցուցադրություններ կկազմակերպվեն խոցելի խմբերի համար:
Հիմնադրամից հիշեցնում են, որ կինոթատրոնի վերակառուցման աշխատանքները սկսվել էին 2017 թվականի նոյեմբերին: 400 հազար ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով կինոթատրոնը կառուցվել է մարզպետ Վահե Հակոբյանի նախաձեռնությամբ`«Սյունիքի մարզի զարգացման և ներդրման» հիմնադրամի հովանու ներքո:
Հարակից հրապարակումներ`
- «Կապան մոլ»-ում արտասահմանյան հայտնի բրենդներ են ներկայացված լինելու. «Հրապարակ»
- Կապանում տրիկոտաժի արտադրություն բացումը 600-ից ավելի աշխատատեղ կապահովի
- Օդանավակայան, պիցցայի գործարան, կինոթատրոն. Կապանում կյանքն աշխուժանում է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան