Հայաստան-ԵՄ համաձայնագրի որոշ դրույթներ կարող են ուժի մեջ մտնել. Շավարշ Քոչարյան
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության՝ մի կողմից, և Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը նշեց, որ շրջանակային նոր համաձայնագիրը կարևորվում է նրանով, որ նոր՝ գործընկերային մակարդակի է բարձրացնում ՀՀ-ԵՄ երկկողմ հարաբերությունները և կոչված է դրանք կարգավորելու գալիք տարիների ընթացքում։
«Այն ավելի ընդգրկուն է և համապատասխանեցվել է երկկողմ հարաբերությունների էությանն ու խորությանը»,- նշեց փոխնախարարը։
Շավարշ Քոչարյանի խոսքերով՝ համաձայնագրի դրույթները համապատասխանում են ինտեգրացիան այլ ձևաչափերում Հայաստանի ստանձնած պարտավորություններին:
«Համաձայնագիրը, որը ստորագրվել է 2017-ի նոյեմբերի 24-ին Բրյուսելում, ամբողջությամբ ուժի մեջ կմտնի, երբ ԵՄ վերջին պետությունը կծանուցի, որ ավարտել է ներպետական գործընթացները: Ներկա դրությամբ միայն Էստոնիան է այդ գործընթացներն ավարտել: Միևնույն ժամանակ մենք ստացել ենք ԵՄ-ից ծանուցում առ այն, որ համաձայնագրի առանձին դրույթների ժամանակավոր կիրառման համար կարող են մտնել ուժի մեջ: Այսինքն՝ համաձայնագրի որոշակի հատված կարող է կիրառվել մինչև վերջնական ուժի մեջ մտնելը»,- ընդգծեց Շավարշ Քոչարյանը՝ հավելելով, որ դրա համար նախ անհրաժեշտ է, որ Հայաստանն ինքն ավարտի ներպետական գործընթացները:
Հարակից հրապարակումներ`
- Դեսպան Չելպակը ներկայացրել է Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացը Լեհաստանում
- ՀՀ նախագահ. Ղարաբաղյան հիմնախնդրին վերաբերող հատվածը Հայաստան-ԵՄ համաձայնագրի կարևոր դրույթներից է
- Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրումը խոշոր ձեռքբերում էր. Վաչե Գաբրիելյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան