Ջրամբարների ներկայիս պաշարները կարող են որոշակի ռիսկեր առաջացնել. վարչապետ
Գործադիրի այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականները վերաբերում էին ոռոգման շրջանի նախապատրաստական աշխատանքներին:
Վարչապետը նշեց, որ Կառավարությունում կազմակերպված խորհրդակցության ընթացքում՝ Ջրային տնեսության պետական կոմիտեն ներկայացրել է ջրամբարների լցվածության տվյալները և 2018 թվականի ոռոգման շրջանի նախապատրաստական աշխատանքները։ Քննարկվել են նաև, ըստ մարզերի ոռոգման պայմանները և առաջնահերթությունները։
«Հաշվի առնելով, որ ջրամբարների ներկայիս պաշարները կարող են որոշակի ռիսկեր առաջացնել ոռոգման ջրամատակարարման տեսանկյունից հանձնարարում եմ՝ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին 7-օրյա ժամկետում շահագրգիռ մարմինների հետ համատեղ մշակել և ներկայացնել Ֆինանսների նախարարություն՝ շարժական պոմպային սարքավորումների, խորքային պոմպերի ձեռքբերման, չշահագործվող խորքային հորերի վերականգման, ինչպես նաև նորերի հորատման նախագծային աշխատանքների ֆինանսական հաշվարկները՝ հաշվի առնելով գյուղացիական տնտեսությունների ոռոգման ջրի պահանջարկի ապահովումը»,- նշեց Կարեն Կարապետյանը:
Վարչապետը Ֆինանսների, Տարածքային կառավարման և զարգացման, Բնապահպանության նախարարներին էլ հանձնարարեց նախատեսված փաթեթը ստանալուց հետո 10-օրյա ժամկետում Ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ համատեղ նախաձեռնել համապատասխան գնումների և աշխատանքների մեկնարկման գործընթացը և դրանք ավարտին հասցնել մինչև ապրիլի 16-ը։ Միաժամանակ, ըստ նրա, պետք է ապահովել օրենքով սահմանված շրջակա միջավայրի ազդեցության գնահատման փորձաքննության կատարումը հնարավորինս սեղմ ժամկետներում։
Բացի այդ, Կարեն Կարապետյանը Գյուղատնտեսության, Տարածքային կառավարման և զարգացման նախարարներին, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին և մարզպետներին հանձնարարեց 3-ամսյա ժամկետում ամփոփել ջրային ոլորտում առկա ներդրումային ծրագրերը, որոշել 2019 թվականի առաջնահերթությունները և համապատասխան առաջարկություններ ներկայացնել Կառավարության աշխատակազմ։
«Ոռոգման սեզոնի նախապատրաստական աշխատանքների պլանավորումն, այսուհետ պետք է սկսել աշուն-ձմեռ ժամանակահատվածում»,- ասաց վարչապետը:
Հարակից հրապարակումներ`
- Ներկայումս ջրամբարների մոտ 25 տոկոսն է լցված, արդեն հետ ենք մնացել նախորդ տարվա ցուցանիշից. Արսեն Հարությունյան
- Ջրամբարները սնող ջրահոսքերի մաքրման հարցը կառավարության նիստում
- Վեդու և Կապսի ջրամբարների շինարարությամբ ոռոգվող տարածքները կավելանան
- Վարչապետ. Առաջիկայում նախատեսվում է սկսել 4 նոր ջրամբարների կառուցման աշխատանքներ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին