Ա. Բախշյանը Շիրակի պետհամալսարանի հարցով բաց նամակ է հղել նախագահի վերահսկողական ծառայության պետին
Կրթության ոլորտի հիմնախնդիրների մասին հաճախ ահազանգող Անահիտ Բախշյանն այսօր բաց նամակ է հղել Շիրակի նախկին մարզպետ, ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետ, Շիրակի պետական համալսարանի կառավարման խորհրդի նախագահ Ֆելիքս Ցոլակյանին:
Հիշեցնենք, որ համալսարանի ռեկտորն աշխատանքից ազատել էերկու դասախոսի՝ Գագիկ Համբարյանին ու Հովհաննես Խորիկյանին: Բախշյանը կոչ է անում անդրադառնալ ազատման հիմքերի օրինականության խնդրին:
Ցոլակյանին ուղղված նամակում Բախշյանը մասնավորապես նշում է.
«Դուք մինչ օրս հրապարակային ոչ մի քայլ չեք արել բուհում տիրող վիճակը շտկելու ուղղությամբ, Ձեր անգործությամբ Դուք նպաստել եք ՇՊՀ-ում տիրող վերին աստիճանի անառողջ մթնոլորտին ու ռեկտորի ապօրինություններին: Եթե տեղյակ եք ՇՊՀ հիմնադրամի 2016թ. կանոնադրությանը, ապա Ձեր բազմաթիվ լիազորությունների մեջ մտնում է յուրաքանչյուր տարվա տարեվերջին կառավարման խորհրդի նիստ հրավիրել ու լսել տարեկան ֆինանսական հաշվետվությունները, Դուք ունեք նաև ռեկտորի ապօրինի հրամանները չեղյալ համարելու լիազորություն:
Այնինչ, Դուք, խախտելով բուհի կանոնադրությունը, որն, ի դեպ տեղադրված չէ ՇՊՀ-ի կայքում, 2017-ի հաշվետվությունը որոշել եք լսել ընդամենը մարտի 24-ին հրավիրված կառավարման խորհրդում: Առկա է արտաքին աուդիտի հաշվետվությունը, այն էլ ոչ անկախ կազմակերպության կողմից իրականացված, որտեղ բազմաթիվ ֆինանսական խախտումներ են արձանագրված, կառավարման խորհուրդը պարտավոր է լսել այդ հաշվետվությունն ու միայն ուսանողների կրթության և բուհի շահերից բխող որոշում կայացնել: Պատկերացնում եմ, եթե աուդիտն անցկացներ անկախ մի կազմակերպություն, ապա ինչպիսի շատ ավելի լուրջ խախտումներ կարձանագրեր: Այս իրավիճակում ՇՊՀ-ի կառավարման խորհուրդը պարտավոր է անդրադառնալ Գագիկ Համբարյանի ու Հովհաննես Խորիկյանի աշխատանքից ազատման հիմքերի օրինականության խնդրին, դրանք ակնհայտորեն ապօրինի են և կառավարման խորհուրդը դրանք կարող է և պե՛տք է չեղյալ համարելու որոշում կայացնի:
Պարոն Ցոլակյան, ՇՊՀ-ում տեղի ունեցող խայտառակությունները ուղղակի հարվածում են Շիրակի մարզի բնակիչների և հատկապես երիտասարդության շահերին ու Դուք պարտավոր եք թե՛ որպես ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության պետ, թե՛ որպես կառավարման խորհրդի նախագահ, վերականգնել բուհին անհրաժեշտ ստեղծարար ու առողջ մթնոլորտն ու որպես հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, վերանայել գործող ռեկտորի հետ Ձեր ստորագրությամբ կնքած աշխատանքային պայմանագիրը»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան