Միշտ էլ հաճելի է լինել առաջինը, չեմ ժխտի. Հենրիխ Մխիթարյան
«Միշտ էլ հաճելի է լինել առաջինը, չեմ ժխտի, կասեմ, որ այսօր էլ շատ մեծ հաճույքով ստացա այդ պարգևը, կփորձեմ հաջորդ տարիների ընթացքում նույնպես լինել առաջինը՝ հարգելով իմ թիմակիցներին»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի 2017 թվականի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը ստանալուց հետո։
Հարցին, թե ինչպիսին է շատ երեխաների համար հերոս լինելու զգացողությունը՝ Մխիթարյանը պատասխանեց. «Ես էլ եմ եղել մանուկ, գիտեմ, թե ինչ զգացողություններ են դրանք: Ես էլ եմ ունեցել գլխավոր հերոսներ, ուզեցել եմ նմանվել ինչ-որ ֆուտբոլիստի կամ հերոսի: Դա շատ մեծ պատիվ է, քանի որ նշանակում է, որ հասել ես ինչ-որ բանի, արել ես կարևոր բան երկրի, քեզ հետևողների համար: Շատ ուրախալի է լինել մանուկների հերոսը»։
Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանը ստացավ Հայաստանի 2017 թվականի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը: Հավաքելով 190 միավոր` Մխիթարյանն այս մրցանակին արժանացավ 8-րդ անգամ իր կարիերայի ընթացքում և 7-րդ անգամ անընդմեջ: Նրան հաջորդում են Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Տիգրան Բարսեղյանը՝ 35 միավոր, և Վարազդատ Հարոյանը՝ 25 միավոր: