ԵՄ անդամ ցանկացած պետություն կարող է խոչընդոտել վիզաների ազատականացմանը. Շավարշ Քոչարյան
«ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ բանակցություններն անընդհատ գործընթաց է, այնպես չէ, որ սպասում ենք ինչ-որ պահի՝ գործընթացը սկսելու համար»,- այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
Փոխնախարարի խոսքով՝ այստեղ նաև առանձին երկրների հետ աշխատելու խնդիր կա, քանի որ ԵՄ-ի ընդհանուր դիրքորոշումը ձևավորվում է առանձին պետությունների մոտեցումից ելնելով:
«Սա այն դեպքն է, երբ այդ իրավասությունը լիազորված չէ ԵՄ-ին, և ԵՄ անդամ ամեն պետություն կարող է նույնիսկ խոչընդոտել: Այդ տեսակետից կարևոր է բոլորի հետ աշխատել»,- ընդգծեց նա:
Շավարշ Քոչարյանը միաժամանակ նշեց, որ եվրոպական երկրներում վիզաների ազատականացման վերաբերյալ մտավախությունը պայմանավորված է Եվրոպայում ձևավորված իրավիճակով՝ կապված միգրանտների հոսքով, ինչի պատճառով էլ Եվրոպան շատ ավելի զգուշավոր է մոտենում այդ հարցերին:
Հարցին, թե կա՞ն հաշվարկներ, որ եթե վիզային ռեժիմն ազատականացվի, Հայաստանից դեպի ԵՄ երկրներ ինչքան արտահոսք կլինի, Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Վիզաների ազատականացումը սերտորեն կապված է ռեադմիսիայի հետ: Այսինքն, եվրոպական պետությունները, բնականաբար, շահագրգռված են, որ այդ ազատականացումը չբերի չարաշահումների և, եթե անձը մեկնում է եվրոպական երկիր, վստահ լինեն, որ կվերադառնա»:
Դիտարկմանը, թե ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացումն արդյոք ենթադրում է, որ հանվելու է վիզային ռեժիմը, փոխնախարարը նշեց, որ Հայաստանն այսօր արդեն ԵՄ-ի հետ ունի վիզաների որոշակի ազատականացում. «Դա վերաբերում է առանձին կատեգորիաների քաղաքացիներին՝ մասնագետներ, գիտնականներ և այլն: Այս պրոցեսն ավելի է խորանալու, որի վերջնակետը վիզային ռեժիմը հանելն է լինելու: Մենք այս պահին բանակցում ենք»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան