Ստեղծում ենք ոչ թե սուպերվարչապետի, այլ քաղաքական բացարձակ պատասխանատվություն կրող վարչապետի պաշտոն. Կոստանյան
«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքների նախագծերի փաթեթի ընդունմամբ մենք գործնականում սկիզբ ենք դնում պառլամենտական կառավարման ձևին։ Դրա դրսևորումն ու իրականացումը մենք ապահովում ենք այս փաթեթի ընդունմամբ»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց ԱԺ Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը։
Նրա խոսքով՝ այս փաթեթն իր ամբողջության մեջ կազմում է պետական ապարատի գործունեության հիմքը։
«Պետական ապարատը դարձնում ենք քաղաքական պատասխանատվության օբյեկտ, պառլամենտական վերահսկողության օբյեկտ։ Մեր հասարակության մեջ շատ է խոսվել այն մասին, որ այս համակարգով ստեղծվում է այսպես կոչված սուպերվարչապետական ինստիտուտ, բայց, ցավոք, մեր հասարակության մեջ ոչ բոլորն են համաձայն այն դիրքորոշման հետ, որ երբ մարդու վրա դնում ես պարտավորություններ, դա ոչ թե իր իրավունքներն է ավելացնում, այլ պատասխանատվությունն է ծանրացնում, և այդ տեսակետից մենք ոչ թե սուպերվարչապետի պաշտոն ենք ստեղծում, այլ ստեղծում ենք ժողովրդի և պառլամենտի առաջ քաղաքական բացարձակ պատասխանատվություն կրող վարչապետ»,-ասաց նա:
Անդրադառնալով դիտարկմանը, թե ինչու ոստիկանությունը և Ազգային անվտանգության խորհուրդը նախարարություն չեն դառնում, Կոստանյանը բացատրեց, թե դա անընդունելի կլիներ, քանի որ դրանք հատուկ ծառայություն իրականացնող մարմիններ են, որոնք առավել ևս ապաքաղաքական պետք է լինեն: