Հանրահավաք. «Մենք իշխանության կռիվ չենք անում»
Մինչ «Հանուն Հայաստան պետության» ճակատի հրավիրած հանրահաքի մեկնարկը ողջունեցին Վոլոդյա Ավետիսյանին, ով արդեն մի քանի օր նստացույց է իրականացնում Ազատության հրապարակում:
Ճակատի հիմնադիրներից Արմեն Հովհաննիսյանը բեմից խոստացավ այսօր քնարական զեղումները նվազագույնի հասցնել, խոսել պրակտիկ ու հստակ գործողությունների մասին: Նա նշեց, որ գործողությունների իրականացման համար շատ կարևոր է կամքը:
Սուսաննա Մուրադյանն ընթերցեց ճակատի հայտարարությունը, որով պատասխանում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցին:
«Սերժ Սարգսյանի՝ երրորդ պաշտոնավարման գնալը, ինչ սոուսով էլ այն փորձեն համեմել և մատուցել, հանգեցնելու է Հայաստանի ու Ադրբեջանի նույնականացմանը, զրկելով մեզ քաղաքակիրթ աշխարհի՝ առանց այն էլ մսխված վստահության ու համակրանքի վերջին փշրանքներից: Դա աններելի թուլացնող հարված կհասցնի ոչ միայն Հայաստանի, այլ նաև Արցախի դիրքերին միջազգային ասպարեզում»,-մասնավորապես նշեց Մուրադյանը:
Հայտարարության հեղինակները կարծիք են հայտնել, որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարումը արտագաղթի նոր մեծ ալիք կառաջացնի, մեծանալու են քաղաքական հալածանքները, զանգվածաբար ոտնահարվելու են մարդկանց հիմնարար ազատությունները, խստացվելու են լրատվամիջոցների վերահսկողությունը:
«Այս ամենից խուսափելու միջոցը համաժողովրդական ընդվզումն է»,-հայտարարության ընթերցումը շարունակեց նա:
Պետրոս Մակեյանն էլ հայտարարեց, որ Հայաստանում այսօր չկա արդարադատություն, կա վրեժխնդրություն. «Վրեժխնդրության վճիռը Ժիրայրի, Գևորգի ու մյուս տղաների նկատմամբ բացատրվում է մեկ բանով. Նրանք Ժիրայրի տեսակից վախենում են»:
Ճակատի համակարգող խորհուրդի անդամ Արմեն Բաղդասարյանը խոսեց, թե ինչու մարդկանց մեջ նվիրում ու հավատ չկա:
«Առաջին բանը, որ կարող է հավատ առաջացնել, ապագայի այն գծագրումն է, երբ յուրաքանչյուրը կտեսնի՝ նույնի կրկնությունը չի լինի»,-ասաց նա, ավելացնելով, որ ժողովրդավարական պետություն կառուցելու մասին հայտարարություններ անելով ստեղծվեց պետական կառավարման համակարգ, որը ժողովուրդը ստրկանա նախագահին:
Ա. Բաղդասարյանը հայտարարեց, որ իրենք իշխանության կռիվ չեն անում, ինչքան էլ որոշ քաղաքական գործիչներ ու ԶԼՄ-ներ փորձեն նման տպավորություն ստեղծել. «Մեր խնդիրը Հայաստան պետության կառավարման, զարգացման ուղղությունը կտրուկ փոխելն է, ոչ միայն կոնկրետ մարդկանց»:
Դավիթ Սանասարյանը հայտարարեց, որ իշխանամետ ԶԼՄ-ների հրապարակումներից հասկացել է, որ իշխանությունները վախեցած են: Նա հրապարակում հավաքածներին զսպվածության, միասնականության, միմյանց չվիրավորելու կոչ արեց:
«Վախվորած վիճակ է այս մարդկանց մոտ, բայց նրանք ասում են՝ մենք ենք վախեցած: Մենք միասնական ու կոնկրետ գործողություններով պետք է հասնենք արդյունքի»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին