Եկել ենք աշխատենք՝ աշխատենք, շտապողականության իմաստը ո՞րն է. Մարուքյան
Խորհրդարանն այսօր արտահերթ նիստում քննարկում է«ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը։
Հիմնական զեկուցող ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ առաջին ընթերցումից հետո նախագիծը փոփոխությունների չի ենթարկվել։
«Նախագծի վերաբերյալ միակ առաջարկությունը ներկայացվել է ՀՅԴ կողմից, որը վերաբերում էր նրան, որ սահմանափակում մտցվի, որ պարգևատրումն արգելվի ոչ միայն հանրապետության նախագահի համար, վարչապետի համար, այլ նաև ԱԺ նախագահի, ՍԴ նախագահի, արդարադատության խորհրդի նախագահի համար, մինչդեռ տրամաբանությունը հետևյալն էր, գործող օրենքում արգելքը հանրապետության նախագահի համար է, քանի որ պարգևատրողը միայն հանրապետության նախագահն է։ Մենք մեր նախագծով ավելացրեցինք վարչապետին, որովհետև վարչապետին պարգևատրելու համար հանրապետության նախագահին միակ միջնորդողը վարչապետն է»,- մանրամասնեց նա։
Ինչ վերաբերում է թվարկված մյուս պաշտոններին՝ փոխնախարարն ասաց. «Իրենց վերաբերյալ պարգևատրման համար միջնորդություն կարող է ներկայացնել նաև վարչապետը, սա է պատճառը, որ մենք այս պաշտոնատար անձանց համար արգելք չենք սահմանել՝ հաշվի առնելով, որ հետագայում հնարավոր է, որ անձանց պարգևատրման միջնորդությամբ հանդես գա վարչապետը»։
Նշենք, որ մինչ հարցի քննարկումը ՀՀԿ-ական պատգամավորներն առաջարկեցին նիստն անցկացնել առանց ընդմիջման, քանի որ օրակարգում ընդգրկված են երկրորդ ընթերցման ներկայացված 10 նախագծեր:
«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը վարման կարգով նշեց. «Քանի որ կարևոր նախագծեր կան, մանրամասն պետք է քննարկենք, լավ կլինի՝ ընդմիջում լինի, նորմալ աշխատանքային պրոցես լինի, եկել ենք աշխատենք՝ աշխատենք, շտապողականության իմաստը ո՞րն է»,-ասաց նա:
Նիստն առանց ընդմիջման անցկացնելու առաջարկը դրվեց քվեարկության և ընդունվեց 58 կողմ, 29 դեմ և 1 ձեռնպահ քվեարկությամբ, ինչից հետո որոշ պատգամավորներ աղմուկով դուրս եկան նիստերի դահլիճից։
Հարակից հրապարակումներ`
- Ով և ինչպես է տալու պատվավոր կոչումներն ու պարգևները
- Սահմանվել են պետական պարգևներով պարգևատրելու և պատվավոր կոչումներ շնորհելու դեպքերը և կարգը