Արցախում զբոսաշրջության ռեկորդային աճ է գրանցվել
Արցախում զբոսաշրջությունը զարգանում է, զբոսաշրջիկների աշխարհագրությունն էլ տարեցտարի ընդլայնվում: Այս մասին են վկայում Արցախի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:
Ինչպես Panorama.am-ը տեղեկանում է Արցախի ԱՎԾ-ից, 2017 թվականին հանրապետություն է այցելել 22 453 զբոսաշրջիկ` նախորդ տարվա 13 960-ի փոխարեն, այսինքն` ոլորտում գրանցվել է 60.8% աճ:
Ըստ պաշտոնական տվյալների` զբոսաշրջիկների ճնշող մեծամասնությունը ժամանում է Արցախ հանգստի և ժամանցի նպատակով: Այսպիսով, զբոսաշրջիկների ընդհանուր թվաքանակից 16949 մարդ կամ 75.5 տոկոսը այցելել են հանգստի և ժամանցի, 5501 մարդ կամ 24.5 տոկոսը՝ գործնական և 3 մարդ կրթական նպատակներով:
Վիճակագրության համաձայն՝ 2017 թվականին Արցախ են եկել 95 երկրից, իսկ 2016թ-ին՝ 80 երկրից:
Զբոսաշրջիկների 51.7 տոկոսը կամ 11608-ը հանրապետություն են այցելել Ռուսաստանի Դաշնությունից, 2786 զբոսաշրջիկ՝ ԱՄՆ-ից, 922-ը` Իրանից, 793-ը՝ Ֆրանսիայից: Առաջին տասնյակի մեջ են մտնում նաև Լիբանանը, Գերմանիան, Լեհաստանը, Ուկրաինան, Կանադան և Չինաստանը։
Արցախն ունի հրաշք բնություն և զբոսաշրջության ոլորտում զարգացման մեծ պոտենցիալ: Արցախյան բնության ողջ հմայքը տեսնելու համար զբոսաշրջիկները կարող են այցելել Ջդրդուզ, որը գտնվում է հենց Շուշի քաղաքի եզրին՝ ժայռերի գագաթին: Արցախ այցելող ցանկացած զբոսաշրջիկի կառաջարկեն լինել նաև Հոնուտի կիրճում, Գանձասարի վանական համալիրում, Տիգրանակերտում: