Շուշան Դոյդոյան. Մի՛ ընդունեք նման խայտառակ նախագիծ
«Մի՛ ընդունեք սենց խայտառակ նախագիծ։ Բացատրեք, թե ինչու՞ պիտի լրագրողը գա հասնի քաղաքապետարան՝ ավագանու նիստի առցանց հեռարձակմանը կարող է նաև իր խմբագրությունում հետևել»: Ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի հիմնադիր Շուշան Դոյդոյանը:
Նշենք, որ խոսքը վերաբերում է ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ քննարկվող օրինագծերի փաթեթին, որում ընդգրկված է նաև «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը:
Դոյդոյանը նկատում է, որ առաջին ընթերցմամբ մի նախագիծ են քննարկում, երկրորդ ընթերցմամբ տասն անգամ ծավալը գերազանցած, լրիվ ուրիշ բովանդակությամբ նախագիծ։
«Ու որևէ հանրային քննարկում չի եղել այս նախագծի շուրջ։ Լավ ո՞նց եք մտցրել ԱԺ»,-գրել է նա ու լրագրողներին տեղեկացրել, որ նախագիծն ընդունվելու դեպքում մեկընդմիշտ փակելու է նրանց մուտքը ավագանու նիստերին:
Հիշեցնենք, որ նախագծով սահմանված է. «Երևանի տեղական ինքնակառավարման մարմիններում հավատարմագրված լրագրողները իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնում են Երևանի տեղական ինքնակառավարման մարմինների նստավայրում առանձնացված հատուկ տեղում, որը ապահովված է ավագանու հրապարակային նիստերը առցանց (ուղիղ ժամանակային ռեժիմում) հեռարձակմամբ դիտելու և ձայնագրելու տեխնիկական հնարավորությամբ, իսկ ավագանու նիստերի դահլիճում կարող են ներկա լինել Երևանի քաղաքապետի կամ նիստը վարողի թույլտվությամբ»:
Նախագիծն ԱԺ-ում ներկայացնող արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն ասաց, որ մինչև երկրորդ ընթերցմամբ քննարկելը նախագծերում նաև բովանդակային փոփոխություններ են տեղի ունեցել:
«Բանն այն է, որ Երևան քաղաքի ավագանու նիստերի լուսաբանման համար մտցվում են բացարձակապես նույն կանոնները, ինչ ԱԺ-ի պարագայում»,-ասաց նախարարն ու կարծիք հայտնեց, որ արդյունավետ է նման կերպ աշխատելը, քանի որ լրագրողները չեն խոչընդոտում իրենց աշխատանքը:
Հիշեցնեք, որ ավելի վաղ ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարել էր՝ Երևանի ավագանու նիստերը չեն կարող դռնփակ լինել:
Հարակից հրապարակումներ`
- Բողոքի ակցիա. «Դռները բացեք, մամուլն է գալիս»
- Արման Թաթոյան. Երևանի ավագանու նիստերը չեն կարող դռնփակ լինել
- Արմինե Օհանյան. Լրագրողները, խմբագիրները պետք է միասնական ու լուրջ պայքար մղեն
- Շ. Դոյդոյան. Լրագրողների դերը հենց պաշտոնյաներին կաշկանդելն է
- Դռնփակ նիստ անցկացնելը ժողովրդավարական է. Դավիթ Հարությունյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին