ՏՄՊՊՀ վարկանիշը բարձրացնելու լուրջ խնդիր կա. Արամ Սարգսյան
ԱԺ-ում «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը և կից ներկայացված նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ հիմնական զեկուցող ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը հայտնեց, որ առաջինից երկրորդ ընթերցումների ժամանակ օրենսդրության շուրջ բավականին բուռն ու արդյունավետ քննարկումներ են տեղի ունեցել։
Նա նշեց, որ գրավոր առաջարկներ են ներկայացրել «Ելք» և ՀՅԴ խմբակցությունների կողմից։
ՀՅԴ-ն առաջարկել էր, որ ՏՄՊՊՀ անդամներից մեկի թեկնածությունը ներկայացնեն ընդդիմադիր պատգամավորները:
«Այս առաջարկը չի ընդունվել, քանի որ հանձնաժողովը մասնագիտական կառույց է, վարչական մարմին է համարվում և կարծում ենք, որ հանձնաժողովը պետք է լինի ապաքաղաքական: Մենք առաջարկում ենք պահպանել կառավարության կողմից առաջարկված տարբերակը, որ բոլոր անդամների թեկնածությունը ներկայացվի վարչապետի կողմից ԱԺ-ին»,-ասաց Շաբոյանը:
Հաջորդ առաջարկը վերաբերել է առևտրային ցանցերին։
«Եթե 4-ից ավելի օբյեկտներ կան, ապա ոչ միայն հիմք ընդունվի այդ օբյեկտների քանակը, այլ նաև առևտրաշրջանառության ծավալը: Տրամաբանական է առաջարկը, բայց արդեն գործող օրենսդրությամբ դա նախատեսված է, նշվում է նաև, որ գերիշխող են այն առևտրային ցանցերը, որոնք ունեն 1,5 մլրդ դրամից ավելի շրջանառություն»,- նշեց ՏՄՊՊՀ նախագահը։
Մտքերի փոխանակման ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը նշեց, որ հանձնաժողովի վարկանիշը բարձրացնելու լուրջ խնդիր կա, և այս ենթատեքստում էր ՀՅԴ առաջարկը։
«Այնպիսի երկրում, ինչպիսին Հայաստանն է, այս հանձնաժողովի ունեցած լծակները, գործիքակազմը բավականին քիչ են՝ մոնոպոլիաների դեմ պայքարելու համար։ Հանձնաժողովին լրացուցիչ լծակներ էլ տալ բավականին ռիսկային է մեր երկրի համար, քանի որ ստուգող կազմակերպությունները մեր երկրում առանց այն էլ չափից ավելի շատ են։ Պիտի այս օրենքը նայվի ոչ կատարյալ, բայց մեկ քայլ առաջ»,- ասաց պատգամավորը։
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ ասաց, որ պետք է կոշտ ու արդյունավետ գործիքներ տալ հանձնաժողովին, որ նրա դերը մեծանա, հատկապես գնումների գործընթացում առաջընթաց արձանագրելու համար:
«Շատ կարևոր է շուկա մուտք գործելու և շուկայից դուրս գալու մատչելիության խնդիրը: Ասենք մարդն ուզում է վաճառել իր բիզնեսը և դուրս գալ շուկայից, բայց քանի որ ոլորտը մենաշնորհացված է, գնորդները ընդամենը 2-3-ն են, որը առաջացնում է շուկայից դուրս գալու հետ կապված խնդիրներ: Կամ ասվում է, որ մարդիկ ազատ են շուկա մտնել, կարող են ներկրել ապրանքներ, բայց որտե՞ղ են վաճառելու, եթե առևտրական ցանցերը կենտրոնացված են: Այսինքն մեծածախ ներկրողների և իրացման ցանցերի տարանջատման խնդիր պետք է դրվի»,- նշեց նա։