Հայաստանում անթույլատրելի են համարում Թուրքիայում «Եվա» ֆիլմի ցուցադրումն արգելելը
Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը հայտարարություն է տարածել Թուրքիայում «Եվա» ֆիլմի ցուցադրումն արգելելու վերաբերյալ: Միությունն ընդգծում է, որ Հայաստանի իշխանությունները երբեք արգելք չեն հանդիսացել, չեն գրաքննել մշակութային համագործակցության ոլորտը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխանություններն արգելել են հայ-իրանական համատեղ արտադրության «Եվա» ֆիլմի ցուցադրությունը Ստամբուլում անցկացվող կանանց «Ֆիլմմոր» 13-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում, որպես պատճառաբանություն ունենալով մեկ այլ երկրի՝ Ադրբեջանի իշխանությունների պահանջները, կապված «Եվա» ֆիլմի նկարահանումների մի մասն Արցախի Հանրապետությունում իրականացնելու հետ:
Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.
«Ցավում ենք, որ թուրքական իշխանությունները՝ դառնալով Արցախի հարցում Ադրբեջանի շարունակական անհեռանկար քաղաքականության անմիջական կրողը, անթույլատրելիորեն քաղաքականացնում են մշակութային շփումները, կոպտորեն միջամտում են միջազգային կինոփառատոնի գործերին, գրաքննության ու արվեստի ազատության սահմանափակման միջոցներ են կիրառում կինոաշխարհում:
Հիասթափեցնող է այն հանգամանքը, որ թե ադրբեջանական, թե նրա պատանդի կարգավիճակում հայտնված թուրքական իշխանությունները չեն գիտակցում, որ մշակութային փոխգործակցությունը, մշակութային երկխոսությունը հանդիսանում է այսօր աշխարհում իշխող արժեքային համակարգի բաղկացուցիչ մաս և այդ կարգի գործողություններով իրենց դուրս են դնում աշխարհի մշակութային քարտեզից:
Ադրբեջանը շարունակում է հետապնդել մի քաղաքականություն՝ խոչընդոտել ցանկացած երևույթ, որը որևէ կերպ առնչություն ունի Արցախի Հանրապետության հետ, չհասկանալով, որ այդ քաղաքականությունը դատապարտված է և չունի ապագա, իսկ Արցախի Հանրապետությունն ազատ է իր քաղաքականությունը՝ այդ թվում և մշակութային, իրացնելու գործում:
Հայաստանի կինոգործիչների և հասարակության համար անթույլատրելի է և անհասկանալի այս մոտեցումը, քանի որ հայաստանյան ամենատարբեր միջազգային կինոփառատոների շրջանակներում բազմիցս ցուցադրվել են թե թուրքական, թե ադրբեջանական ինչպես համատեղ, այնպես էլ զուտ տեղական արտադրության ֆիլմեր:
Հայաստանի իշխանությունները երբեք արգելք չեն հանդիսացել, չեն գրաքննել մշակութային համագործակցության ոլորտը, չեն կասեցրել մշակութային երկխոսության կայացումը, չեն սահմանափակել կինոաշխարհի իրավունքը՝ դիտել, ճանաչել, հասկանալ այն ամենը, ինչ կատարվում է կինոմշակույթի ասպարեզում:
Խստորեն դատապարտելով թուրքական իշխանությունների նման գործողությունները, կոչ ենք անում ձեռնպահ մնալ արվեստը՝ տվյալ պարագայում կինոն և միջազգային կինոփառատոնը քաղաքական անհեռանկար նպատակներին ծառայեցնելու գործին, հասարակությունը չպահել այլատյացության մթնոլորտում, որը կարող է լուրջ վտանգ հասցնել մշակութային հետագա համագործակցությանը»:
Հարակից հրապարակումներ`
- Հայ պատգամավորը Ստամբուլում «Եվա» ֆիլմն արգելելու հարցը բարձրացրել է մեջլիսում
- Ադրբեջանի պահանջով Ստամբուլում արգելվել է իրանահայ ռեժիսորի ֆիլմի ցուցադրությունը
- Շատ քիչ մարդ է հավատացել, որ այս ֆիլմը կէկրանավորվի. «Եվա» ֆիլմի ռեժիսոր
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան