Ջրի պակասը կարող է հանգեցնել երկրների միջև լարվածության աճի. ՄԱԿ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը միջազգային հանրությանը կոչ է արել առավել ակտիվ հաղթահարել մաքուր ջրի պակասի հետ կապված ճգնաժամը: Այս մասին տեղեկացնում է ՄԱԿ-ի պաշտոնական կայքը:
Ջրային ռեսուրսների միջազգային օրվան նվիրված միջոցառման ժամանակ ՄԱԿ-ի ղեկավարը հայտարարել է կայուն զարգացման հարցում ջրի դերին նվիրված Միջազգային տասնամյակի մեկնարկի մասին:
Ողջունելով Տաջիկստանի նախագահ Իմոմալի Ռահմոնին, ով Նյու-Յորք է ժամանել՝ այդ միջոցառմանը մասնակցելու համար, ՄԱԿ-ի ղեկավարը հիշել է նախորդ տարի իր՝ Պամիր կատարած այցի մասին: Լեռնային սառցարանների հալոցքը կարող է Տաջիկստանին զրկել քաղցրահամ ջրի աղբյուրից: Իսկ սառցարանները հալչում են կլիմայական փոփոխությունների ազդեցությամբ:
«Ակնհայտ է, որ Կայուն զարգացման բոլոր 17 նպատակները փոխկապակցված են և լրացնում են միմյանց»,- ասել է ՄԱԿ գլխավոր քարտուղարը:
Նա հիշեցրել է, որ մաքուր ջուրն ու առողջապահությունը անհրաժեշտ պայմաններ են Նպատակների մի ամբողջ շարքի իրագործման համար, այդ թվում՝ աղքատության դեմ պայքարի, տնտեսության աճի և շրջակա միջավայրի առողջության համար:
Դարակեսին ջրի պահանջարկը կավելանա 40 տոկոսով, իսկ կլիմայական ազդեցության հետևանքներն ավելի ու ավելի սուր են զգացվում: Այս կերպ, ՄԱԿ-ի ղեկավարի գնահատմամբ, ջրի անբավարարության խնդիրը կդառնա ավելի ակտուալ:
«2050 թ. երկրագնդի ամեն չորրորդ բնակիչը կապրի քաղցրահամ ջրի պակասի մշտական կամ պարբերաբար ի հայտ եկող անբավարարության պայմաններում»,- ասել է նա:
Գուտերիշն ընդգծել է՝ նման իրավիճակներում ամենից առաջ տուժում են կանայք:
«Եկամուտների ցածր մակարդակով երկրներում կանայք ու աղջիկները տարեկան 40 միլիարդ ժամ են ծախսում ջուր կրելու վրա: Նույնքան ժամանակ իրենց աշխատանքի վրա ծախսում են այնպիսի երկրի բնակիչները, ինչպիսին Ֆրանսիան է: Ջրի վրա ծախսվող ժամանակը կարելի է օգտագործել շատ ավելի արդյունավետ, աղջիկների դեպքում, օրինակ, դպրոցական կրթություն ստանալու վրա»,- ասել է նա:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել միջազգային հանրությանը՝ ավելի ակտիվ հաղթահարել ջրի պակասի հետ կապված ճգնաժամը, հակառակ դեպքում՝ այդ խնդիրը կարող է հանեցնել տարբեր երկրների միջև լարվածության աճի: Արդեն այսօր բնակչության 40 տոկոսը զգում է ջրի անբավարարությունը. Կեղտաջրերի 80 տոկոսը շրջակա միջավայր է ընկնում առանց մշակման, բոլոր տարերային աղետների ավելի քան 90 տոկոսը ինչ-որ կերպ կապված է ջրի հետ, իսկ 4,5 միլիարդ մարդ ապրում է ոչ նորմալ սանիտարական պայմաններում:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պատմել է գործողությունների պլանի մասին, որը մի քանի նպատակ ունի՝ փոխել մոտեցումը ջրային ռեսուրսների կառավարմանը, ջրի հարցով գործող ծրագրերը համապատասխանեցնել 2030-ի օրակարգին, մեկտեղել և կենտրոնացնել քաղաքական կամքը՝ այս ոլորտում միջազգային համագործակցությունն ամրապնդելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա