Գեղարքունիքի մարզում հաշվետու տարում զբոսաշրջիկների թիվը հասել է 83 հազարի
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է Սևան քաղաք` ծանոթանալու 2017 թ. Գեղարքունիքի մարզի և համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների արդյունքներին ու 2018 թ. անելիքներին:
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը զեկուցել է, որ 2017 թ. սեփական եկամուտների պլանային թվի տարեսկզբի և տարեվերջի համեմատության արդյունքում արձանագրվել է 10.6 տոկոս աճ: 2017 թ. փաստացի կատարողականը կազմել է 1 մլրդ 519 մլն 744 հազ. դրամ (101,7 տոկոս)՝ 2016 թ. 97,4 տոկոսի փոխարեն:
«Մենք ձեզ հետ պետք է հասկանանք, որ ժամանակակից, զարգացող երկրում քաղաքացիներն ունեն պարտավորություններ: Աշխարհում չկա երկիր, որտեղ աղբահանության համար փող չեն վճարում, չկա երկիր, որտեղ գույքահարկ, հողի հարկ չենք վճարում: Վերանայում եք ձեր բյուջեն, հստակ ձևակերպում եք, բոլոր բարձրացված հարցադրումներով անցնում եք և առանձին-առանձին լուծումներ մշակում: Սուբվենցիայի նոր կանոնը, որը ձևակերպել ենք և սկսել ենք՝ ֆոնդային բյուջետավորումը, մի պարզ սկզբունք ունի. սահմանամերձ գյուղերն առանձին բանաձև է, իսկ բոլոր համայնքների կողքը կանգնելու ենք, եթե ծանրաբեռնվածություն վերցնեն: Ծանրաբեռնվածություն վերցնելը, իհարկե, հարաբերական է. որպեսզի հասկանանք՝ իր ներուժի չափով ճի՞շտ ծանրաբեռնվածություն է վերցնում, թե՞ ոչ, այդ պոտենցիալը պետք է հստակ հաշվարկենք», - ասել է Կարեն Կարապետյանը:
Աղբահանության ցուցանիշների մասով զեկուցվել է, որ 2017 թ. տնտեսվարող սուբյեկտների հետ կնքվել է 1725 պայմանագիր, մարզում գրանցված է 2168 իրավաբանական անձ: Կանխատեսվում է, որ 2018 թ. աղբահանության վարձավճարներից հավաքագրվող գումարների աճը 2017 թ. նկատմամբ կավելանա 2.4 անգամ: Վարչապետը շեշտել է, որ աղբահանության սակագինը պետք է համապատասխանի միջին հանրապետական ցուցանիշներին՝ հանձնարարելով վերանայել պլանավորումը: Կառավարության ղեկավարը նաև կարևորել է աղբահանության պատշաճ կազմակերպումը և հատկապես Սևանա լճի հարակից տարածքի մաքրության ապահովումը՝ հաշվի առնելով զբոսաշրջային գրավչության հանգամանքը:
«Չափազանց կարևոր է, որ քաղաքացին հասկանա, որ եթե վճարում է աղբահանության համար, ուրեմն իր կյանքում և կենցաղում բան է փոխվում: Մենք բոլոր մարզերում պայմանավորվել ենք և խնդիր ենք դրել, որ այն գյուղական համայնքները, որոնք տրանզիտային չեն, ծանր մեքենաներ չեն անցնում, մի քանի խնդիր պետք է կարգավորեն՝ պետք է բարեկարգվեն գյուղի ներքին ճանապարհները՝ ոչ ստանդարտ լուծումներ գտնելով, ծուռումուռ ցանկապատերը պետք է ուղղվեն, ներկվեն, պետք է ապահովվի կենտրոնական փողոցների լուսավորությունը և դրվեն աղբամաններ: Այդ քայլն անելու համար շատ գումարներ պետք չեն: Պետք է մտածել, թե ինչպես տեղի ռեսուրսն օգտագործել այդ ամենը հաջողելու գործում»:
Նշվել է, որ մարզի զարգացման գերակա ուղղություններից է զբոսաշրջությունը. հաշվետու տարում զբոսաշրջիկների թիվը հասել է 83 հազարի, ստեղծվել է սեզոնային 520 աշխատատեղ: 2018 թ. ոլորտում նախատեսվում է իրականացնել 3 մլրդ 24 մլն դրամի ներդրում, կստեղծվի 117 աշխատատեղ: Կալավան համայնքում, որտեղ զբոսաշրջային լուրջ և արդյունավետ ծրագիր է իրականացվում, ստեղծվել է 7 հյուրատուն՝ վարկավորման միջոցով, 2017 թ. այցելուների թիվը կազմել է 1800: Այս տարի ակնկալվում է 5000-ից ավելի զբոսաշրջիկի այցելություն:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում