«Ջրամբարները տարիներով չեն վերանորոգվում, և ջուրը փախչում է անհայտ ուղղությամբ»
Սևանից լրացուցիչ ջրառի վտանգավորությունը հերքել չի կարելի: Մարտի 24-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հանուն կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը։
Նշենք, որ Ջրային պետական կոմիտեն չի բացառել, որ կդիմի Ազգային ժողով՝ Սևանից հավելյալ ջրառ իրականացնելու թույլտվության համար։
«Երբ մենք խոսում էինք լրացուցիչ ջրառի վտանգավորության մասին, մեզ ասում էին՝ սխալ եք: Անցյալ տարի ջրային ռեսուրսները քսան տոկոսով պակաս են եղել, արդյունքում Սևանի մակարդակը 4 սմ-ով իջել է: Մենք անհանգստացած ենք, որ պատկերը կկրկնվի, ինչ-որ առումով առաջընթաց եմ տեսնում, որ շարժական պոմպեր են տեղադրվել, քայլեր են արվում կաթիլային ոռոգման անցնելու, ջրամբարների ցանց ստեղծելու, մեր կարծիքով դա ճիշտ քայլ է, բայց պետք է լինեն ոչ թե խոշոր ջրամբարներ, այլ միջին և փոքր, որովհետև խոշորները վտանգ են ներկայացնում սեյսմիկ առումով»,- ասաց Կարինե Դանիելյանը։
Դանիելյանը նշեց, որ ցավոք Արփա-Սևան թունելը առայսօր չի վերականգնվել: Նրա խոսքով՝ պարբերաբար մամուլում հայտարարություն է լինում, բնապահպանները տեսնում են, որ ձմեռը, երբ պետք է ջրամբարներից ջուր բաց չթողնվի, գնում են, տեղում համոզվում են, որ ջուրը բաց է թողնվում՝ էներգիա ստանալու համար, հետո տեղեկություններ են լինում, որ ջրամբարը կիսադատարկ է:
Բնապահպանի խոսքով՝ միշտ ասում են՝ ֆինանսական խնդիրներ կան, ու չնայած հազարամյակի մարտահրավերներ ծրագրով ԱՄՆ աջակցությամբ աշխատանքներ արվեցին, սակայն համոզված է՝ եթե Սփյուռքին դիմեն, Սևանի փրկության խնդիրները բարձրացվեն, և եթե Սփյուռքում համոզվեն, որ նպատակներն իրոք ազնվագույն են, կօգնեն:
«Հետաքրքիր ուսումնասիրություն է արվել Ամերիկյան համալսարանի և Ակադեմիայի կողմից՝ իրենք ուսումնասիրել են այն փորձը, որ Շվեյցարիայում է օգտագործվում և ոչ միայն: Ալպերի վրա ձյունը երբ նստում է, հատուկ ծածկերով ծածկում են, որ գարնանը արևի ճառագայթներից չհալչի, իսկ հետո ամռանը այդ ծածկոցները հանում են, ոռոգման նպատակով օգտագործում: Մեզ մոտ այդ տարբերակը փորձել են, սակայն ցավոք, մեզ դեռ չի հաջողվել իշխանություններին հետաքրքրել նաև այս փորձով: Ամենահեշտը ամեն տարի ձեռքը Սևանին գցելն է»,- ասաց նա:
Դանիելյանը նշեց, որ ջրի մակարդակի բարձրացման հետ Սևանում ինքնամաքրման գործընթացներն արագանում են, լիճը սկսում է վերականգնել իր բնականոն գործընթացները և առողջացման ճանապարհն է բռնում: Նա ասաց, որ Սևանում տարեցտարի ֆիքսվում է ջրի որակի լավացում, և հիմա եթե էլի հարվածեն Սևանին, այդ ինքնամաքրման, վերականգնման, առողջացման գործընթացին կրկին վնաս կհասցնեն: Ըստ բանախոսի՝ կլիմայի փոփոխության հետևանքով գյուղատնտեսությունն իրոք խնդիր ունի, լրացուցիչ ջրային պաշարների կա, բայց խնդրի լուծումը այլ կերպ պիտի լինի:
Ջրային ռեսուրսների փորձագետ Քնարիկ Հովհաննիսյանը նշեց, որ լրացուցիչ ջրառն արդարացված չէ. «Պաշտոնական թվերով հայտնի է, որ համակարգը մաղ է, մաղով ջուր տանել կլինի՞, 75 տոկոս կորուստ ենք ունենում, արժե՞ 25 տոկոսի համար Սևանը վտանգել: Սևանը, գտնվելով բարձրադիր գոտում, թելադրում է մեր աղբյուրների դերը՝ թե որքան ջուր կունենանք, ինչ որակի, երբ քչացնում ենք Սևանի ջուրը՝ որակապես և քանակապես, մենք խփում ենք մեր բարձր որակ ունեցող աղբյուրներին»:
Նաև հավելեց, որ բնակչության 90 տոկոսից ավելին այդ աղբյուրների շնորհիվ օգտագործում է ոչ մի մշակում չպահանջող ջուր:
Հովհաննիսյանը նշեց՝ ջրի պակասը միայն տեղումների քանակով չի պայմանավորվում, այն ավելի շատ կախված է կառավարման անփութությունից: Բանախոսն ընդգծեց՝ 15-20 տարվա մեջ մեր ջրամբարները չեն վերանորոգվում, անընդհատ անցքեր են առաջանում, որտեղից ջուրը փախչում է անհայտ է ուր՝ Պարսկաստան, Ադրբեջան, Թուրքիա:
«Մենք չենք կարող բռնել այդ ջուրը, այն արդեն մեր ձեռքից գնում է: Բայց հստակ է՝ ջրամբարները չեն վերանորոգվում, այդ պատճառով էլ չեն լցվում»,- ասաց նա:
Հովհաննիսյանը անդրադարձավ նաև Ջրօգտագործման ընկերություններին, դրանց անվանեց «ջրի վիշապ», նաև նշեց՝ տարեցտարի ջրի գինը բարձրանում է, իսկ ջուր ավելի քիչ ենք ստանում:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան