Բնակչության հետ ավելի հաճախ շփվող բժիշկների համար առավել տեսանելի են մարդկանց սպասելիքները. նախարար
Մարզերի առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) բժիշկների հետ ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի հերթական հանդիպումները Վաղարշապատ և Արմավիր քաղաքներում էին։
«Առողջապահության ոլորտում իրականացվող և մշակվող բոլոր ծրագրերն ուղղված են մեր բնակչության առողջապահական ցուցանիշների և առաջին հերթին կյանքի առողջ տարիների տևողության երկարացմանը»,-ԱՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ասել է նախարարը Վաղարշապատի պոլիկլինիկայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ։
Քաղաքի և շրջակա համայնքների առաջնային օղակի բժիշկների հետ տեղի ունեցած անկաշկանդ զրույցի ընթացքում Լևոն Ալթունյանն ընդգծել է, որ բնակչության հետ ավելի հաճախ շփվող բժիշկների համար առավել տեսանելի են մարդկանց սպասելիքները։
«Մեր խնդիրն է ձեզ հետ միասին եղած ռեսուրսներն առավելագույնս արդյունավետ օգտագործելով հասնենք թե՛ առողջապահական կարևոր ցուցանիշների բարելավմանը, թե՛ բժիշկների հեղինակության և ինչու ոչ` աշխատավարձի բարձրացմանը»,-ասել է նախարար Ալթունյանը` ընդհանուր գծերով ներկայացնելով առողջության առաջնային պահպանման օղակի բարեփոխման տեսլականը։
Հանդիպման ավարտին Սարդարապատի ամբուլատորիայի տնօրեն, ընտանեկան բժիշկ Ավետիս Նիկողոսյանը շնորհակալություն է հայտնել նախարարին այցի ու անկեղծ քննարկումների համար։ «Մենք Ձեր այցով ենք ուրախանում, բայց և Ձեզ ենք հաղորդում ժողովրդի սպասելիքներն ու կարիքները, որոնց հենքի վրա էլ կառուցվում են ծրագրերն ու ոլորտի քաղաքականությունը»,-ասել է փորձառու բժիշկը։
Ի պատասխան` նախարարը հայտնել է, որ առաջիկայում նման բազմաթիվ հանդիպումներ են սպասվում. «Ձեր բոլոր նկատառումներն ու առաջարկներն ի մի կբերենք երևանյան մեծ հավաքի ժամանակ` ընդունելով առողջության առաջնային պահպանման օղակի բարեփոխման ծրագիրը»։