Զբոսաշրջային բիզնեսը չի տուժի․ Արարատ Մկրտչյանը՝ հակածխախոտային օրինագծի մասին
ՀՀ առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը կողմ է ծխելու դեմ պայքարի խստացմանը:
«Ծխելու դեմ պայքարը պետք է խիստ լինի, քանի որ մարդու առողջության վրա ծխախոտի բացասական ազդեցությունը վաղուց ապացուցված է, և ոչ ոք չի կարող դա կասկածի տակ դնել»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արարատ Մկրտչյանը:
Անդրադառնալով «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի նախագծին՝ նա նշեց, որ ինքը հատկապես կողմ է բարձր տուգանքներին, քանի որ այդպես է հնարավոր բնակչությանը ծխի ազդեցությունից առաջացող բացասական հետևանքներից պաշտպանել:
Նշենք, որ նախագծով նախատեսվում է ծխելն արգելել բազմաբնակարան շենքների վերելակներում և ընդհանուր օգտագործման տարածքներում, տրանսպորտում, տրանսպորտի կանգառներում, սպասասրահներում, հանրային սննդի օբյեկտներում: Պահանջը խախտելու դեպքում սահմանված են բարձր չափի տուգանքներ՝ 50. 000-700.000 դրամ:
Հասարակության շրջանում տրամադրվածությունն այս նախագծի վերաբերյալ տարբեր է: Ծխողները դժգոհում են տուգանքի անտրամաբանական չափերից, չծխողներն էլ համարում են, որ վաղուց էր պետք նման օրենք ընդունել:
Հնչում են նաև կարծիքներ, որ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո տուրիզմը կնվազի, ռեստորաններ ու սրճարանները կփակվեն, բիզնեսը կտուժի: Սակայն օրեր առաջ Հայաստան ժամանած երեք երկրների՝ Իռլանդիայի, Մոլդովայի ներկայացուցիցչները ներկայացնելով իրենց երկրների փորձը՝ հակառակը նշեցին:
«Գիտե՞ք որևէ երկիր, որտեղ հասարակական վայրերում ծխելն արգելելու հետևանքով ռեստորաններ ու սրճարաններ են փակվել, չկա այդպիսի բան, հակառակը, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ռեստորաններն ու բարերը շատ ավելի գրավիչ են դարձել»,- Հայաստանում տեղի ունեցած քննարկման ժամանակ նշել էր Իռլանդիայի Առողջապահության նախարարության ծխախոտի ազգային վերահսկողության գծով խորհրդական Ֆենթոն Հոուելը:
Նրա երկրում 2004 թվականից ծխելն արգելվել է բոլոր վայրերում՝ աշխատավայրերում, ռեստորաններում։ Օրենքի ընդունումից 10 տարի անց Իռլանդիայում ուսումնասիրություններ են կատարել ու պարզել, որ տուրիզմի, ռեստորանների եկամուտները չեն նվազել, միաժամանակ արդյունքները ցույց են տվել, որ տարեկան միջին հաշվով 400 մարդու կյանք է փրկվել:
Արարատ Մկրտչյանի խոսքով՝ նախ նժարի վրա պետք է դնել հանրության առողջության խնդիրն ու բիզնեսը:
«Կարծում եմ, որ ճիշտ չէ հանրային առողջությունն ու բիզնեսը նույն հարթության մեջ դիտարկել»,- ասաց նա՝ միաժամանակ հավելելով, որ մի շարք երկրների փորձը ցույց է տալիս, որ ոչ մի տեղ բիզնեսը չի տուժել:
Ինչ վերաբերում է այն փաստարկներին, թե հասարակական վայրերում ծխելու սահմանափակումները վնասեն տուրիզմի զարգացմանը, Արարատ Մկրտչյանը նշեց, որ ինքն այդ կարծիքին չէ, հակառակը, նման արգելքի արդյունքում Հայաստան ավելի շատ զբսաշրջիկներ կգան:
«Այո, պետք է արգելել, այդ գարշահոտությունը ռեստորաններից, սրճարաններից պետք է վերջապես վերանա: Եթե մենք շեշտը դնում ենք ռուս տուրիստների վրա, միանշանակ պետք է հաշվի առնենք, որ Ռուսաստանի ռեստորաններում, սրճարանում ծխելը խստիվ արգելված է, եթե խոսում ենք եվրոպացի զբոսաշրջիկների մասին, ապա Եվրոպայում արդեն 10 տարուց ավելի է հանրային վայրերում ծխելն արգելված է: Այսինքն՝ զբոսաշրջիկները շատ լավ տեղյակ են այդ սահմանափակումների մասին, իսկ եթե նրանք Հայաստանում մտնեն մի սրճարան, որտեղ ծխում են, ապա դուրս կգան այնտեղից և հաջորդ անգամ տվյալ հաստատություն մուտք չեն գործի: Այսինքն՝ այն մտահոգությունը, թե զբոսաշրջությունը կտուժի, դա այդպես չէ: Հակառակը, չի բացառվում, որ այս քայլերը տուրիզմի վրա ավելի դրական արդյունք ունենան»,- ասաց նա:
Անդրադառնալով պատժամիջոցներին՝ Արարատ Մկրտչյանն ասաց, որ կարևորը հանրային առողջությունն է, այլ ոչ թե տուգանքները. «Օրինակ, ինչքա՞ն տուգանք կառաջարկեք այն կրպակների համար, որոնք գտնվում են Երևանի բոլոր ուսումնական հաստատությունների հարևանությամբ և ծխախոտ են վաճառում, իսկ կրպակների տեսանելի հատվածում երևում են սիգարետի տուփերը: Նման գովազդի համար ի՞նչ չափի պատժամիջոց պետք է սահմանել, որպեսզի դադարեցնեն դա»:
Նրա խոսքով՝ նաև տեսակետներ են հնչում, որ մարդիկ ինչքա՞ն աշխատավարձ են ստանում, որ այդքան տուգանք մուծեն, սակայն ոչ մեկ չի ասում, որ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո չեն էլ մտածի հանրային վայրերում ծխելու մասին:
«Իսկ ինչո՞ւ են մտածում, որ պարտադիր պետք է օրենք խախտեն: Ինքանո՞վ է հաճելի, որ փողոցում քայլում ես և դիմացից եկողը ծխախոտի ծուխը փչում է երեսիդ ու իրենից գոհ շարունակում ճանապարհը: Դա ի՞նչ մշակույթ է, ողջ աշխարհը գնում է բարեկրթության, քաղաքակիրթ ձևերի, իսկ մենք պետք է անպայման պայքարենք, թե պետք է ծխենք: Ավելի լավ է՝ մի ծխեք: Եւ որքան խիստ լինեն տուգանքներն, այնքան լավ»,- նշեց Արարատ Մկրտչյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ռեստորաններ ու սրճարաններ չեն փակվել, տնտեսությունը չի տուժել. Օտարերկրացիները՝ ծխելն արգելող օրենքի մասին
- Արգելված վայրերում ծխելու համար սահմանված տուգանքի բարձրացում չի լինի. այժմ հստակեցումներ են արվում
- Ռոզա Բաբայան. Այս նախագիծը ծխողների դեմ չէ