Պրեմիերա Համազգայինում. «Սանտա Կրուս»
Մարտի 30-ին և 31-ին Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնում տեղի կունենա Մաքս Ֆրիշի «Սանտա Կրուս» ներկայացման պրեմիերան:
Մշակույթի նախարարությունից հայտնում են, որ պիեսի գործողությունները տևում են յոթ օր և տասնյոթ տարի: Եվ այս տևական գործողությունները հանդիսականի երազն են: Ուստի կարելի է երազ տեսնել նաև բաց աչքերով... Մաքս Ֆրիշի պիեսի հերոսներն ի վերջո հասկանում են, որ իրենցից յուրաքանչյուրն իր ճակատագրի գերին է: «Սանտա Կրուսը» պիես է կյանքի իմաստի, բարոյականության, մարդու ինքնության, հավերժական սիրո, ճակատագրի անխուսափելիության, միայնության, կին-տղամարդ հակասությունների թնջուկի մասին:
Բեմադրության հեղինակ և ռեժիսոր՝ Վիգեն Չալդրանյան, բեմադրող նկարիչներ՝ Վիգեն Չալդրանյան, Վահրամ Գալստյան, նկարիչ դիզայներ՝ Մարիամ Մուրադյան, զգեստների նկարիչներ՝ Վիգեն Չալդրանյան, Լիլիթ Մելիքյան, երաժշտական ձևավորումը՝ Դավիթ Դավթյանի, ըստ Գուստավո Սանտաօլալլայի ստեղծագործությունների:
Դերերում՝ Ալլա Սահակյան, Վարշամ Գևորգյան, Արման Նավասարդյան, Դավիթ Հակոբյան, Վանիկ Մկրտչյան, Նարեկ Բաղդասարյան, Արմինե Անդրասյան, Կարեն Խաչատրյան և այլք: Ներկայացման մեջ զբաղված են նաև Վիգեն Չալդրանյանի արվեստանոցի ուսանողները: