Մենք չունենք մտադրություն խանգարել. Գորգիսյան
«Թեև հավատալով, որ մեր գործընկերներն ամբողջ հոգով սրտով հավատում են այդ ամենին, բայց մենք դեռևս չէնք հավատում այդ ճանապարհով ինչ-որ բան փոխելուն»,- այսօր ԱԺ-ում ճեպազրույցներին ժամին տեղեկացրեց «Ելք» խմբակցության քարտուղար, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Գևորգ Գորգիսյանը՝ անդրադառնալով «Ելքի» մաս կազմող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ ՀՀԿ վարչապետի թեկնածուի դեմ փողոցային պայքար սկսելու առաջարկին:
Նա տեղեկացրեց, որ այս պահին չեն պատրաստվում միանալ և նշեց, որ ճանապարհային քարտեզը հիմա փոփոխությունների է ենթարկվել, բայց իրենք դրանցից տեղյակ չեն։
«Մենք Հանրապետական կուսակցության կառավարման դեմ պայքարում ենք մեր ստեղծման օրվանից, պայքարում ենք ամեն օր։ Կրկնում եմ ամեն մարդ, ով անդամագրվում է «Լուսավոր Հայաստան» կամ «Ելք»-ի կուսակցություններից որևէ մեկին, դա պայքար է այս իշխանության հարատևման դեմ, այս ճանապարհով մենք կարող ենք հասնել հաղթանակի, ես դրան հավատում եմ, ամեն անդամակցած մարդ ինչ-որ մեկն է, որն այլևս չի քվեարկելու ի օգուտ ՀՀԿ-ի։ Միայն համակարգ ստեղծելով գործող համակարգի դիմաց՝ կարող ենք բերել համակարգային փոփոխությունների։ Պետք է գիտակցել, ում դեմ ես պայքարում»,- ասաց պատգամավորը։
Լրագրողների հարցին, թե որն է եղել դաշինքի մեջ եղած երեք կուսակցությունների առաջ քաշած գլոբալ խնդիրների միջև տարբերությունը, Գորգիսյանն ասաց, որ չի կարող մանրամասնել, բայց այնուամենայնիվ, նշեց. «Գլոբալ մոտեցումների տարբերությունը՝ մենք ասել ենք, որ անձերի դեմ պայքար չենք ընդունելու, պետք է ինստիտուցիոնալ գործունեություն ծավալել։ Մեր ծրագիրը մեր թեկնածուին ու ծրագրին սատարելու միջոցառումներ էր ենթադրում, նույն կոնցեպտն ուներ նաև «Հանրապետություն» կուսակցությունը»։
Հարցին, թե հնարավո՞ր է, որ «Ելքի» մաս կազմող և փողոցային պայքարին դեմ երկու կուսակցությունները որոշեն միասին առաջադրել վարչապետի թեկնածու՝ համապատասխան ծրագրով, նա պատասխանեց. «Դեռ կքննարկենք, հիմա քանի դեռ կա առանձին ՔՊ-ի գործունեությունը, մենք չունենք մտադրություն խանգարել, զուգահեռաբար հիմա չենք ծավալի, վարչապետի թեկնածու առաջադրելուն ժամանակ կա, և չենք էլ քննարկել այս իրավիճակում: Տեսնենք՝ զարգացումներն ինչպիսին են լինելու, կորոշենք»։
Դիտարկմանը, թե «Բարգավաճ Հայաստանն» էլ է ասում, որ ինստիտուցիոնալ պայքար է հարկավոր, ոչ թե պայքար անձերի դեմ, Գորգիսյանն ընդգծեց, թե նրանք երբեք ռեալ ընդդիմադիր գործունեությամբ չեն զբաղվել:
«Մենք երբեք չենք խոստացել մեր ընտրողներին, որ հեղաշրջում կամ հեղափոխություն ենք անելու, մենք խոստացել ենք իրենց ձայները պահպանել ու բարձրացնել իրենց մտահոգող բոլոր խնդիրները, մենք դրանով զբաղվում ենք ամեն օր»,- հավելեց նա:
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյանի խոսքը վերաբերում էր նաև Փաշինյանին, Մարուքյանին. Կոստանյան
- Դաշինքում շարունակում է մնալ առողջ աշխատանքային մթնոլորտ. Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան