Կեմերովոյից դասեր քաղել է պետք. Հայաստանյան դպրոցների գերակշիռ մասում հրդեհային անվտանգության խնդիրներ կան
Կեմերովո քաղաքի առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի պատճառները, հետևանքները, դրա մեղավորներն ու պատասխանատուները դեռ երկար քննարկման թեմա կլինեն: Միակ անքննելին այս պահին այն է, որ կատարվածից պետք է դասեր քաղի նաև Հայաստանը: Երևանում ամեն տարի ավելացող մոլերում, սուպերմարկետներում, ռեստորաններում արդյոք պահպանվա՞ծ են հրդեհային անվտանգության կանոնները, վերահսկողություն առկա՞ է, թե՞ ոչ, ի՞նչ են ցույց տալիս ստուգումների արդյունքները:
Միանգամից նշենք, որ 2015 թվականից ի վեր կառավարության որոշմամբ ստուգումները կասեցվել են: Հիմնավորում էին՝ բիզնեսին խանգարել պետք չէ: Որոշման ժամկետը մի քանի անգամ վեց ամսով երկարաձգվել է: Ստուգումների իրականացնելու համար վարչապետի գրավոր համաձայնություն էր պետք նաև պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության կողմից ստուգումներ իրականացնելու համար: Կառավարության այս որոշման ժամկետն այս տարվա սկզբին այլևս չերկարացվեց:
ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության քարոզչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանը Panoarama.am-ի հետ զրույցում նշեց, որ այս տարվա ընթացքում տեսչությունը ստուգումներ է իրականացրել Երևանի մարդաշատ օբյեկտներում՝ առևտրի կենտրոններում, սուպերմարկետներում, ժամանցի վայրերում: Պարզվել է՝ չկա այնպիսի օբյեկտ, որ հրդեհային անվտանգության պահանջների հետ կապված թերություններ չունենա:
«Այս տարվա սկզբից` նախարարի հանձնարարականով, իրականացրել ենք ստուգումներ օրինակ Ռիո Մոլում, Փակ շուկայում տեղակայված Երևան Սիթիում, մանկական ժամացի վայր համարվող Մադագասկարում, Ռոսիա Մոլում, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, սննդի խոշոր օբյեկտներում, հյուրանոցներում: Իդեալական օբյեկտներ չկան, բայց կան համեմատաբար լավ ու ավելի վատ վիճակում գտնվող օբյեկտներ: Օրինակ, Ռիո Մոլում բարվոք վիճակ է, ճիշտ է կան բացթողումներ, բայց տրվել են կարգադրագրեր, որոնց համապատասխան պետք է դրանք վերացվեն»,-ասաց բաժնի պետը:
Թերությունները վերաբերել են կրակմարիչների թվին, ժամկետանց լինելուն, տարհանման ելքերի նշումների բացակայությանը կամ թերի լինելուն, պլանի բացակայությանը, վթարային լուսավորության բացակայությանը, հրշեջ ծորակների պակասին և այլնին: Այս պահին ուշադրության կենտրոնում են Երևանում գործող մարդաշատ օբյեկտները, հետո տեսչության աշխատակիցները կլինեն նաև մարզերում:
Ս. Հայրապետյանի խոսքով, եթե արձանագրված թերությունները սահմանված ժամկետում չեն վերացվում, ապա լինում է նախազգուշացում, վարչական տուգանք, ընդհուպ մինչև օբյեկտի կամ դրա որևէ տեղամասի գործունեության դադարեցում:
«Անմխիթար վիճակում գտնվող օբյեկտ առայժմ չի հայտնաբերվել: Ռադիկալ մեթոդների դեռ չենք դիմել»,-ասաց ԱԻՆ ներկայացուցիչը:
Տեսչության աշխատակիցները վաղն այցելելու են մայրաքաղաքի մյուս երկու առևտրի խոշոր կենտրոններ՝ Դալմա և Երևան մոլեր:
«Մոտ երկու տարի առաջ Դալմա Մոլում թերություններ հայտնաբերել էինք, կարգադրագրեր էինք ուղարկել: Օրենքով սահմանված կարգով իրավունք չունեինք շատ այցելել օբյեկտներ»,-ասաց Հայրապետյանը:
Նրա խոսքով, մասնավոր հատվածը, որը մեծ ներդրումներ է անում, պահպանում է հրդեհային անվտանգության պահանջները, քանի որ շահագրգռված է իր բիզնեսի համար: Իրավիճակն առավել ցավալի է պետական պահապանության ներքո գտնվող օբյեկտների՝ մասնավորապես պետական դպրոցների դեպքում:
«Դպրոցներում հրդեհային անվտանգության իրավիճակը բարվոք չէ: Դպրոցները համարվում են պետական հոգածության օբյեկտ: Ցավոք, սրտի ֆինանսական միջոցների բացակայության ու պակասի պատճառով այստեղ իրավիճակն ավելի լուրջ է: Դպրոցներում խնդիրը համատարած է, օրինակ դպրոցների գերակշիռ մասում կրակմարիչների խիստ պակաս կա: Կան խնդիրներ նաև էլեկտրականության հետ: Մենք միշտ ասում ենք խնդիրները, մոտ 2000-ից ավելի օբյեկտների, այդ թվում դպրոցներին, իրազեկումներ ենք ուղարկել՝ տեղեկացնելով հրդեհային անվտանգության պահանջների մասին»,-ասաց ԱԻՆ տեսչության ներկայացուցիչը:
Հրդեհիների ու դրանց մարման հետ կապված հաջորդ մեծ խնդիրը Երևանում առաջացել է շինարարության հետևանքով, երբ օրինական կամ անօրինական սխալ կառուցապատման հետևանքով հրշեջ մեքենան չի կարողանում հրդեհաշիջում իրականացնել:
«Սա շատ լուրջ հարց է: Ցավոտ հարց է Երևանի համար: Շատ տեղերում կա այդ խնդիրը, երբ դեպքի վայր ժամանած հրշեջ մեքենան չի կարողանում մոտենալ, հրշեջները շատ դեպքերում ստիպված են լինում մեծ հեռավորությունից աշխատել»,-ասաց նա:
Ս. Հայրապետյանը տնտեսվարողներին հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության պահանջները՝ ողբերգական հետևանքներից զերծ մնալու համար:
Հարակից հրապարակումներ`
- ԱԳՆ. Կեմերովոյում տուժածների թվում հայեր չկան
- Կեմերովոյում անվտանգության աշխատակիցները փակել են աստիճանները
- Կեմերովոյի մարզում եռօրյա սուգ Է հայտարարվել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին