Իշխանությունը մի արկղ չէ, որ գնան ու վերցնեն, Վահրամ Բաղդասարյան
«Դուք բավականին համբերատար եք, ևս մի քանի օր համբերեք և մենք մոտ ժամանակներս կհայտարարենք, թե ով է ՀՀԿ-ի կողմից առաջադրված վարչապետի թեկնածուն»,- այսօր խորհրդարանում ճեպազրույցների ժամին հայտարարեց «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։
Լրագրողի հարցին, թե «պարտադիր նախագահ Սերժ Սարգսյանը պետք է վարչապե՞տ լինի, որպեսզի թրծի երիտասարդներին, որ կայանան որպես քաղաքական գործիչ, ինչպես ավելի վաղ հայտարարել էր», Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Դուք հնչեցնում եք անուններ, եթե մենք նպատակահարմար գտնենք այս փուլում, որ ձեր նշած թեկնածուն պետք է լինի, այդ ժամանակ կտանք մեկնաբանություններ: Այս պահին ունենք նախագահ, որը Սերժ Սարգսյանն է, ունենք ընտրված նոր նախագահ, ունենք ՀՀ վարչապետ, որը սահմանադրական իր լիազորությունները պատշաճ կատարում է, և մենք գոհ ենք իր աշխատանքից, իսկ ամսի 9-ից հետո կխոսենք մնացած գործընթացմերի մասին»։
Ինչ վերաբերում է քաղաքական որոշ ուժերի կողմից փողոցային պայքար սկսելու հայտարարություններին, պատգամավորն ասաց, որ իրեն որևէ անհանգստություն չունեն։
«Յուրաքանչյուր քաղաքական ուժ ունի իր ճանապարհային քարտեզը, ինքն է որոշում իր պայքարի ձևը: Ես հասկանում եմ, որ արտախորհրդարանական ուժերը փորձում են փողոցն օգտագործել, բայց անհասկանալի է, երբ խորհրդարանական ուժերը, խորհրդարանը թողած, գնում են փողոցային պայքարի ճանապարհով։ Հայաստանն այսօր տալիս է հնարավորություններ, քաղաքական ուժերն ազատ կարող են ցույցներ ու ընդվզումներ անել՝ օրենքի նորմերը և կետերը պահպանելով, որից հետևություններ կանեն ինչպես իրենք, այնպես էլ հանրությունը»,- ասաց պատգամավորը։
Մեկ այլ հարցի, թե տեղի՞ն են այն դիտարկումները, թե երբ Սերժ Սարգսյանի լիազորություններն ավարտվեն, իշխանությունն այդ մեկ շաբաթում ավելի խոցելի կլինի, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց, թե ինքը դրան հումորով է վերաբերվում:
«Իշխանությունը մի արկղ չէ, որ գնան ու վերցնեն, հիմքեր են պետք: Մեկ շաբաթվա, մեկ ամսվա ընթացքում սահմանադրորեն իշխանությունը նորից կլինի իր տեղում: ԱԺ նախագահը կղեկավարի որպես երկրի գլուխ, և այստեղ որևէ արտառոց բան չկա: Շատ է եղել, որ նախագահը արձակուրդում կամ երկրից դուրս է եղել: Այդ ընթացքը մարդիկ ցանկանում են օգտագործել, իրենց իրավունքն է, կարող են օգտագործել»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Մենք չունենք մտադրություն խանգարել. Գորգիսյան
- Աղվան Վարդանյանը զարմացած է «Ելք»-ի ու «Ծառուկյան»-ի քվեարկությունից