Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը Ժնևում մասնակցում է Միջխորհրդարանական միության 138-րդ վեհաժողովի աշխատանքներին
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությունը՝ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի գլխավորությամբ, մարտի 24-ից 28-ը Ժնևում (Շվեյցարիա) մասնակցում է Միջխորհրդարանական միության 138-րդ վեհաժողովի աշխատանքներին:
ԱԺ հանրային կապերի վարչության հաղորդմամբ՝ վեհաժողովի աշխատանքների շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հանդիպել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի հետ: Հանդիպումը կայացել է գլխավոր քարտուղարի նախաձեռնությամբ: Քննարկվել են Միության աշխատանքների ընթացքին, դրանց արդյունավետության բարձրացման ուղիներին, Միության կանոնադրության փոփոխություններով առաջարկվող բարեփոխումներին առնչվող հարցեր: Արա Բաբլոյանը Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարին առաջարկել է քննարկել Հայաստանում Միության գործունեության շրջանակներում միջոցառումներ անցկացնելու հնարավորությունը:
Հայաստանի խորհրդարանականները մասնակցել են տարբեր հանձնաժողովների, մասնավորապես Կին խորհրդարանականների ֆորումի, Առողջապահության հարցերի խորհրդակցական խմբի, Մարդու իրավունքների հանձնաժողովի, Խաղաղության և միջազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի աշխատանքներին:
Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Սամվել Նիկոյանը, Շուշան Սարդարյանը, Լենա Նազարյանը, Շաքե Իսայանը, Կարեն Ավագյանը և ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը: