Եթե այդ դեղերն այստեղ կան, ապա ինչո՞ւ ենք Եվրոպայից դեղեր բերում. Միքայել Մելքումյան
«Ծառուկյան» խմբակցության նախաձեռնությամբ այսօր Ազգային ժողովում մեկնարկեցին «Դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ՝ էլեկտրոնային եղանակով) կարգի, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումները:
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը նշեց, որ նոր օրենքի պահանջն առկա էր երկրում ավելի քան 15 տարի, այսինքն՝ այն ժամանակից, երբ Հայաստանում ընդունվեց «Դեղերի մասին» օրենքը: «Այն ժամանակ, երբ ընդունվեց «Դեղերի մասին» օրենքը, երջանկահիշատակ Էմիլ Գաբրիելյանն իր աշխատակազմին հրավիրել էր իր մոտ և ասել, որ սկսում են գրել նոր օրենք՝ հասկանալով, որ այդ օրենքում կան բազմաթիվ թերություններ, հակասություններ, որոնք դաշտում առաջ են բերելու խնդիրներ: Եւ դա տեղի ունեցավ»,- ասաց փոխնախարարը:
Ըստ նրա՝ երբ սկսեցին մշակել օրենքի նախագիծը, ՀՀ-ում դեղերի շրջանառության, այդ թվում՝ դեղատոմսով դուրս գրվող դեղերի կապված խնդիրներ կային: Սերգեյ Խաչատրյանի խոսքով՝ Առողջապահության նախարարությունը երկու անգամ փորձել է հակաբիոտիկները դեղատոմսով դուրս գրելու կարգ հաստատել, սակայն որոշակի քննարկումներից հետո այդ կարգերը հետ են ուղարկվել նախարարություն և չեն ընդունվել: Արդյունքում, դեղատներն ազատ վաճառում էին դեղատոմսով դուրս գրվող դեղերը:
«Դա նշանակում է, որ ցանկացած քաղաքացի իր հարևանների, որոշ դեպքերում նաև ծանոթ բժիշկների խորհրդով գնում էին դեղատուն և հակաբիոտիկներ գնում, շատ հաճախ քաղաքացիները որոշ գանգատներ ունենալու դեպքում պարզապես դեղատան աշխատակցի խորհրդով էին դեղեր գնում: Եւ ոչ մեկ չէր կարող վերահսկել այս իրավիճակը: Հիմա հարց է առաջանում՝ արդյոք տարիներ շարունակ այն դեղերը, որոնք անվերահսկելի ձևով գնում են դեղերից, վնաս չեն հասցրել մարդկանց: Մեր կարծիքը միանշանակ է՝ այսպիսի իրավիճակ դեղերի բնագավառում տեղի ունենալ չի կարող: Այդ իսկ պատճառով, օրենքի մի առանձին գլուխ նվիրված է մանրածախ առևտրին, որտեղ հստակ նշված է ՝ դեղատոմսով դուրս գրվող դեղերը միայն պետք է վաճառվեն դեղատոմսի առկայության դեպքում»,- նշեց Սերգեյ Խաչատրյանը:
Նա նաև ասաց,որ օրենքով արգելվում է այլ ձևաթղթով դեղերի դուրս գրումը, քանի որ հաճախ բժիշկներն, առանց դեղատոմսի, որոշակի բլանկների վրա նշումներ կատարելով, ուղղորդում էին հիվանդներին դեղատներ. «Մենք տարիներ շարունակ տեղեկացվել ենք այս երևույթի մասին, բայց չունեինք լուծումներ ու չէինք կարող վերահսկելի դարձնել այն»։
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը նշեց՝ այն, որ պետք է գնալ քաղաքակիրթ դեղատոմսերի միջոցով դեղ բերելու ճանապարհով, ակնհայտ է, բայց այն, որ այդ գործընթացի համար պետք է բարենպաստ պայմաններ լինեն, դա էլ է ակնհայտ։ «Պետք է դա համալիր լինի։ Դուք համալիր նախապատրաստվա՞ծ եք այս միջոցառումն իրականացրել, թե՞ բազում ռիսկեր հաշվի չեք առել, հիմա նոր բախվել եք այդ ռիսկերին և մտածում եք՝ ինչ անել: Վերջում հայտնի խոսքի նման չլինի ՝ուզում էինք լավ լինի, բայց ստացվեց ինչպես միշտ»,- հարցրեց փոխխոսնակը:
Ի պատասխան՝ Սերգեյ Խաչատրյանն ասաց, որ ունեին կանխատեսումներ, ըստ որի, օրենքի ընդունումից հետո հիվանդների հոսքը հիվանդանոցներ կարող էր ավելանալ և այդ առումով անմիջապես բոլոր ուղղություններով դեղատոմսի ներդրումը կդառնար խնդրահարույց: Ուստի, ըստ նրա, Կառավարության որոշման մեջ որոշակի փոփոխություններ մտցվեցին, ըստ որի, դեղատոմսերով դեղերի վաճառքը կլինի փուլերով:
«Այդ ռիսկերը գնահատել ենք։ Այս ոլորտի բարեփոխումները կրում են համալիր բնույթ։ Դեղատոմսերի հետ կապված բազմաթիվ խնդիրներ, որ առաջ են քաշվում, առողջապահության էլեկտրոնային համակարգի ներդրման հետ ամբողջությամբ լուծվելու են։ Կարգի մեջ նշված է էլեկտրոնային ճանապարհով դեղերի դուրսգրման խնդիրը, որն անմիջապես լուծում է բազմաթիվ խնդիրներ, ընդհուպ՝ մինչև դեղատոմսերի հեռահար ներկայացման խնդիրը»,- ընդգծեց Սերգեյ Խաչատրյանը:
Միքայել Մելքումյանը նաև հետաքրքրվեց՝ արդյոք դեղատոմսով դուրս գրվող դեղերն իրական դեղեր են, թե՞ կեղծ դեղեր կան. «Եթե այդ դեղերն այստեղ կան, ապա ինչո՞ւ ենք Եվրոպայից դեղեր բերում և ասում, որ դրանց ազդեցությունն ավելի ակնհայտ է»։
Սերգեյ Խաչատրյանը պատասխանեց, որ դեղատոմսը մեծացնում է բժշկի և դեղատան պատասխանատվությունը. «Դեղատոմսով դուրս գրված ցանկացած դեղի վերաբերյալ կարելի է տեղեկություն ստանալ՝ ինչպես է դա ներմուծվել, ով է ներմուծել, ով է նշանակել, ինչպես է օգտագործվել»։
Հարակից հրապարակումներ`
- «Դեղատոմսով դեղերի տրամադրման կարգը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում»
- «Դեղերի տրամադրման կարգի փոփոխությունը լրացուցիչ բեռ է թե հասարակության, թե ծառայություն մատուցողների համար»
- Սահմանվել է դեղերի դեղատոմսով բաց թողնման հստակ ժամանակացույց
- Դեղատոմսով դեղեր գնելու որոշումը կասեցվում է
- Մարտի 1-ից դեղատոմսով դուրս գրվող դեղերի ցանկերը
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա