Սահմանամերձ Կարմիրաղբյուրը մի քանի ամսից միջազգային չափանիշներին համապատասխան մարզադաշտ կունենա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականով մարտի 25-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն աշխատանքային այցով Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղում էր:
«Նախագահի հանձնարարականով եմ այստեղ, և ցավում եմ, որ ավելի շուտ չեմ զբաղվել այս հարցով: Սահմանամերձ գյուղերում ապրող երեխաների համար ավելի շուտ պետք է պայմաններ ստեղծեինք՝ ֆուտբոլով զբաղվելու համար: Կառուցվելիք մարզադաշտը մեծ է լինելու՝ չափսերը 65 մ լայնություն, 110 մ երկարություն»,-լրագրողների հետ զրույցում մանրամասնեց Ռուբեն Հայրապետյանը:
Ըստ ՀՖՖ նախագահի, կառուցվող մարզադաշտը թույլ է տալու նույնիսկ հանրապետական առաջնության խաղեր անցկացնել:
«Մարզադաշտը կկառուցվի բոլոր չափորոշիչներին համապատասխան: Կառուցվելու են նաև հանդերձարաններ: Կարծում եմ, որ մի քանի ամսից կունենանք շատ գեղեցիկ մարզադաշտ»,-ասաց նա:
Ռուբեն Հայրապետյանը համայնքի ներկայացուցիչների հետ զրույցում հույս հայտնեց, որ մի քանի ամսվա ընթացքում մարզադաշտի կառուցապատման աշխատանքները կավարտվեց: Մարզադաշտը սպասարկելու է, ոչ միայն Ներքին Կարմիրաղբյուրին, այլ նաև հարակից Տավուշ և Այգեպար գուղերին:
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Բերդի համայնքի ղեկավարը՝ Հարություն Մանուչարյանը, անդրադառնալով նախաձեռնությանը, նկատեց՝ ցավոք սրտի մենք շրջապատված ենք այնպիսի հարևաններով, որ ցանկացած հայ տղամարդ «դատապարտված է» առողջ լինելու և դա առավել ևս պետք է լինի սահմանամերձ գյուղերում:
«Այսօր ֆուտբոլի դաշտի վերականգնումն ունի երկու նշանակություն՝ ոչ միայն սպորտի գծով, այլ նաև ստրատեգիական: Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչները պետք է ֆիզիկապես առողջ լինեն»,-ասաց նա:
Ներքին Կարմիրաղբյուր գյուղի գյուղապետը, Լևոն Առաքելյանն էլ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում հավելեց, որ կբարելավվի իրենց գյուղի երեխաների ֆուտբոլային հմտությունները.
«Մարզաձևերը կզարգանան, հայկական ֆուտբոլի համար լավ կլինի»:
Այցի ընթացքում երեխաները գնդակներ և մարզաշապիկներ նվեր ստացան: