Աղվան Վարդանյանը զարմացած է «Ելք»-ի ու «Ծառուկյան»-ի քվեարկությունից
ՀՅԴ խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյան ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ նախ խոսեց ոչ թե խմբակցության, այլ կուսակցության աշխատանքների մասին: Ընտրել են ՀՅԴ գերագույն մարմնի 9 անդամներին, առաջին նիստը հրավիրել են երեկ, ԳՄ ներկայացուցիչ է ընտրվել Արսեն Համբարձումյանը:
«Ճանաչում եք, գիտեք, առնչվել եք, շփվել եք»,-ասաց Վարդանյանը:
Ինչ վերաբերում է խորհրդարանում աշխատանքին, ապա դաշնակացական պատգամավորը հիշեցրեց՝ ընդունվել են օրենսդրական այն բոլոր կարգավորումները, որոնք առնչվում էին կիսանախագահական համակարգից խորհրդարանական համակարգին անցնելու գործընթացին:
«Շատ շուտով լիարժեք անցումը կապահովվի»,-ասաց բանախոսը:
Նախորդ արտահերթ նիստում քննարկված հարցերից ներկաների ուշադրությունը նա հրավիրեց ՏՄՊՊՀ-ի կազմավորման հարցին վերաբերող օրինագծին:
«ՀՅԴ խմբակցությունն առաջարկել էր, որ հանձնաժողովը ձևավորելիս վեց անդամներից մեկի թեկնածությունը համախոհությամբ առաջադրի խորհրդարանական ընդդիմությունը»,-հիշեցրեց օրենսդիր մարմնի ներկայացուցիչն ու հավելեց, որ անկախ այն բանից, իրենց քաղաքական ուժը եղել է ընդդիմություն, թե իշխանություն, հարցն իրենց համար միշտ սկզբունքային է եղել:
Ընդդիմությունը պետք է հակակշիռ ստեղծի նման մարմիններում, դրանք դարձնի վստահելի:
Նա ցավ հայտնեց, որ իրենց առաջարկությունը չի ընդունվել, զարմանք հայտնեց քվեարկության արդյունքների վերաբերյալ:
«Միայն մենք ձեռնպահ քվեարկեցին, իսկ խորհրդարանական ընդդիմադիր երկու ուժերը, որոնց համար առաջարկում էինք փոփոխությունը, կողմ քվեարկեցին: Բայց իրենց իրավունքն է»,-ասաց Ա. Վարդանյանը:
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ արտահերթում քննարկված տասը օրինագծերն ընդունվեցին
- ՏՄՊՊՀ վարկանիշը բարձրացնելու լուրջ խնդիր կա. Արամ Սարգսյան
- «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրինագիծն ընդունվեց միաձայն