Չիկագոյում բացվել է ՀՀ պատվո հյուպատոսություն
Չիկագոյում մարտի 22-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության պատվո հյուպատոսության բացման պաշտոնական արարողությունը (հյուպատոսական շրջանը ներառում է ԱՄՆ Իլինոյ, Միսուրի, Այովա, Վիսկոնսին ու Մինեսոտա նահանգները): Չիկագոյի կենտրոնում գտնվող Հայաստանի նոր հյուպատոսական ներկայացուցչությունում տեղի ունեցած բացման ու պատվո հյուպատոս Օսկար Թաթոսյանի պաշտոնավարման մեկնարկի ազդարարման հանդիսավոր արարողությանը հաջորդել է դիվանագիտական ընդունելություն Չիկագոյի պատմական ‘Union League Club’-ում:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ներկաներին ողջունել են Չիկագոյի քաղաքապետ Ռահմ Էմանուելը, Հայաստանյայց Առաքելական եկեղեցու ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը և ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը: Հանդիսությանը ներկա են եղել 400-ից ավելի հյուրեր, այդ թվում` Իլինոյ նահանգի կոնգրեսականներ, Չիկագոյի հյուպատոսական կորպուսի անդամներ, ինչպես նաև տեղի ամերիկահայ համայնքի ներկայացուցիչներ:
Միջոցառմանը ելույթ է ունեցել նաև Սմիթսոնիան հաստատության հատուկ ծրագրերի տնօրեն Հալե Բաթվինը, ով ներկայացրել է հունիսի 27-ից հուլիսի 8-ը Վաշինգտոնում կայանալիք Սմիթսոնիան Ֆոլքլայֆ փառատոնին Հայաստանի` որպես հատուկ հրավիրյալ հյուրի, մասնակցության մանրամասները: