Արագիլները չվող տեսակ են, բայց դարձել են մշտակյաց. բնապահպան
Արարատի մարզի Արմաշ գյուղում արագիլների բներ են տեղադրվել: Նախաձեռնության մանրամասների, ծրագրի շարունակականության և այլնի մասին է Panorama.am-ի զրույցը բնապահպան Սիլվա Ադամյանի հետ: Վերջինս տեղեկացրեց, որ բների տեղադրման համար անհրաժեշտ ներդրումներն արել և աջակցել է CivilVoice կազմակերպությունը:
«Հայաստանում այս նախաձեռնությունը նորություն չէ, նախկինում նման նախաձեռնություններով զբաղվել է «Հայաստանի թռչունները» ծրագիրը, որը տեղակայված էր Ամերիկյան համալսարանում, և էլի տեղադրում էր թռչնաբներ Արարատի մարզում: Անցան մի քանի տարիներ, ցավոք սրտի, ծրագիրը չկրկնվեց, բայց մենք ունենք խնդիր՝ կենդանիների միգրացիայի, նրանց բների անվտանգության, կլիմայական խնդիրների հետ, մի խոսքով՝ բազում խնդիրներ»,- ասաց նա:
Ադամյանի խոսքով՝ դեռ 2014 թ. եվրոպական մի կառույցից՝ ֆորումից, առաջարկ են ստացել՝ իրականացնել նման ծրագրեր, ընդ որում՝ ծրագիրը պետք է կյանքի կոչվեր ոչ միայն Հայաստանում, այլև Սլովակիայում, Չեխիայում, Ռուսաստանում և այլ երկրներում: Այստեղ գործընկեր կազմակերպություն է դարձել Ռուսաստանը, որի հետ էլ կյանքի է կոչվել այս ծրագիրը: Բնապահպանն ասաց, որ ծրագիրը նաև էլեկտրական ցանցերի նախաձեռնությունն էր. այդ տարին «արագիլների պաշտպանության տարի» էր, նույն տարում Արմաշ գյուղում տեղադրվում է 12-13 բույն:
Արմաշում բնապահպանները խնդիր են տեսել, երբ զրուցել են բնակչության հետ: «Մենք հասկացանք, որ այստեղ կա բույների անվտանգության խնդիր, այսինքն՝ եթե բույնը դրված է անմիջապես էլեկտրական սյուների վրա, այն հաճախ բռնկվում է, ծանրությունից ուղղակի շրջվում է, ձագուկները վնասվում են կամ սատկում, բնակիչները մեզ ասացին, որ հրդեհի ժամանակ պարզապես հնարավոր չէ փրկել կենդանիներին, այդ իսկ պատճառով մենք որոշեցինք՝ ճիշտ կլինի, որ այս ծրագիրն Արմաշում անենք»,- ասաց նա:
Ադամյանը նշեց՝ Արմաշի հարևան Սուրենավան գյուղում արագիլներ շատ կան, բոլորին հայտնի է՝ Սուրենավանն արագիլների գյուղ է, ուստի բները տեղադրվել են Արմաշում: Երկու տարի շարունակ ծրագիրն իրականացվեց, հետո ֆինանսական խնդիրների պատճառով դադարեցվեց, և միայն այս տարի CivilVoice-ի նախաձեռնությամբ որոշեցին ծրագիրը վերականգնել:
Ադամյանը պատմեց՝ ծրագիրը բավական հաջող ընթացավ, տեղադրեցին 8 բույն, որից 5-ը՝ գյուղի վերջնամասում, երեքը՝ մեկ այլ վայրում՝ հողամասում, որտեղ նոր սյուներ պետք է տեղադրվեին:
Բնապահպանի խոսքով՝ կան նաև այլ վտանգներ, բացի նրանից, որ այս բույները կենդանիներին պահպանում են լարերից և էլեկտրասյուներից: Նա առանձնացրեց Հայաստանում կլիմայական փոփոխության խնդիրը:
«Ես բազմիցս խոսել եմ այդ մասին, ասել եմ, որ մեզ մոտ, ցավոք, ոչ ոք չի զբաղվում կենդանական աշխարհի մասով: Նման գործեր պետք է արվեն ոչ միայն արագիլների հետ կապված, այլև ուրիշ կենդանիների, որովհետև շատ կենդանիներ ուղղակի փոխել են իրենց ապրելակերպը Հայաստանում: Մենք այս տարի ձմեռ չտեսանք և, օրինակ, արագիլների դեպքում մենք կարող ենք ասել՝ դրանք այն տեսակն են, որ անմիջապես արձագանքում են կլիմայական փոփոխություններին: Նրանք չվող տեսակ էին, բայց տարեցտարի դարձան մշտակյաց, գնալով ավելացավ այն արագիլների թիվը, որոնք չէին չվում»,- ասաց նա:
Ադամյանը նշեց, որ դա հենց բնակլիմայական փոփոխությունների և դրա հետ միասին՝ շրջակա միջավայրի և կերային բազայի փոփոխությունների հետ է կապված. և սա խնդիր է, որի մասին պետք է մտածել: Բնապահպանը նշեց՝ թռչուններից բացի, իրենք այս կերպ օգնում են նաև էլեկտրացանցերին, մինչդեռ վերջիններս այս տարի փորձում էին իրենց աշխատանքին խոչընդոտել, որ բույները չտեղադրեն, այն է՝ էլեկտրաէներգիան չէին անջատում: Նախաձեռնության հեղինակներին այստեղ օգնության են եկել գյուղապետն ու այլք:
«Մենք երևի մի շաբաթ հետո կփորձենք նորից այցելել , տեսնենք՝ ինչ է կատարվում, բնադրվե՞լ են, թե՞ ոչ: Այսպիսի խնդիր կա, կարող է՝ մեկում բնադրվեն, մեկում մյուս տարի բնադրվեն: Պարտադիր չէ, որ բոլոր բներում այս տարի բնադրվեն, առավել ևս, որ գարունը շատ շուտ է եկել: Մենք կարող ենք նույնիսկ հետո՝ ամռանը տեղադրել բներ՝ մյուս տարվա համար»,- ասաց նա:
Ադամյանը նշեց, որ փորձելու են ծրագրի շարունակականությունը պահպանել, հաջորդ ծրագիրը նրանք փորձելու են իրականացնել Արմավիրի մարզում, որտեղ էլ շատ են արագիլները, շատ են նաև խնդիրները: Այս անգամ բնապահպանը որոշել է դիմել էլեկտրացանցերի տնօրինությանը, որպեսզի իրենք էլ ֆինանսավորեն ծրագիրը: «Մենք բնապահպան ենք, պարտավոր ենք, բայց իրենք էլ պետք է հասկանան, որ բնության առաջ պարտավորություններ ունեն»,- ասաց նա:
Լուսանկարները՝ CivilVoice-ի և Դավիթ Հակոբյանի:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան