«Ժողովուրդ». Լուրջ մտահոգություն դատական համակարգում. Դատավորները սնանկ են ճանաչվում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, թե իր տեղեկություններով` Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Ուզունյանին սնանկ ճանաչելու պահանջով օրերս դատարան է դիմել «Արարատ բանկ» ԲԲԸ-ն:
«Ուզունյանը բանկից մոտ 5 մլն դրամ վարկ է վերցրել, չի կարողացել վճարել գումարը: Ուզունյանի անունը հանրությանը հայտնի է հոկտեմբերի 27-ի գործով. ժամանակին հենց նրան էր վիճակված այդ դաժան փորձությունը: Ու հիմա, փաստորեն, հայտնի դատավորը լուրջ խնդրի առաջ է կանգնած: Հետաքրքիրն այն է, սակայն, որ բանկը ցանկանում է Ուզունյանին սնանկ ճանաչել այն դեպքում, երբ նա հայտարարագրել է 3 մլն դրամ, նաև բազմաթիվ անշարժ գույք, որի մի մասը ձեռք է բերել 2016 թվականին:
Թերթին հայտնի է դարձել նաև, որ հայաստանյան առևտրային մեկ այլ բանկ էլ սնանկ ճանաչելու պահանջով դատական հայց է ներկայացրել մեկ այլ դատավորի՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանի դեմ. նա էլ իր հերթին է 5 մլն դրամ վարկ վերցրել:
Երկու դատավորի սնանկ ճանաչելու մասին իրար հաջորդած հայցերը լուրջ մտահոգություն են առաջացրել դատական համակարգում: Դատավորները վճիռ են կարդում հանուն Հայաստանի Հանրապետության, ուստի այդ դեպքում, մեղմ ասած, ճիշտ չի ընկալվում փաստը, որ հանուն Հայաստանի Հանրապետության վճիռ կայացնող դատավորը սնանկ ճանաչվի: Հիմա դատական համակարգում սպասում են վճիռներին, որից հետո դատավորների ճակատագրի մասով որոշում կկայացնեն»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում։