Հայաստանում հացահատիկի արտադրությունը կտրուկ նվազում է, Արցախում՝ աճում
Մինչ Հայաստանում հացահատիկի արտադրության 50 տոկոսով նվազում է գրանցվել , Արցախում այս ոլորտում ամեն տարի նոր ռեկորդ են սահմանում: 2018-ին նախատեսում են գերազանցել 2017-ի ու 2016-ի գրանցած ռեկորդները:
Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված տվյալների համաձայն, Հայաստանում 2017 թվականին հացահատիկային ու հատիկաընդեղային մշակաբույսերի բերքի ծավալը կազմել է 300 հազար տոննա՝ 2015-ի ու 2016-ի ավելի քան 600 հազար տոննայի փոխարեն։ Եթե 2015-ին Հայաստանում արտադրվել է 362 հազար 700 տոննա ցորեն, 2016-ին՝ 350 հազար 400 տոննա, ապա 2017-ին բերքի ծավալը կազմել է ընդամենը 176 հազար 400 տոննա:
«Պարենային անվտանգությունը Հայաստանում գտնվում է խայտառակ մակարդակի վրա՝ մի օր կարող է սկսենք արդեն հաց ներմուծել»,- անհանգստություն է հայտնում տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը:
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը Panoarama.am-ի հետ զրույցում հացահատիկի արտադրության նվազման չափն ահռելի է որակում: Նրա խոսքով, պետք է վերահսկողություն իրականացվի՝ պարզելու նման անկման պատճառները, արդյոք այն վատ քաղաքականության հետևա՞նք է, թե՞ այլ պատճառներ կան:
«Վիճակագրական բոլոր թվերն ապացուցում են, որ մենք ձախողում ենք գյուղոլորտում: 2018-ի հունվարին 2017 թ. հունվարի համեմատ կրկին ցուցանիշների անկում է գրանցվել: Սա նշանակում է, որ ոլորտի պատասխանատուներն ավելի շատ խոսում են, թե ուր են գնում, քան գիտեն՝ ուր են գնում և ինչ են անում: Մենք տեսանք գյուղնախարարության կողմից վարվող քաղաքականության բոլոր վատ հետևանքները: Ավելի վատ աղետ մեկ էլ բնությունը կարող է պատճառել»,-կարծիք հայտնեց ՀԿ նախագահը:
Նրա խոսքով, հացահատիկի արտադրությանը նպաստելու համար հանրապետությունում առկա չմշակվող հողերը մշակողներին պետք է արտոնություններ տրվեն:
Գյուղատնտեսության նախարարությունից խոստացան պատասխանել՝ թե ինչով է պայմանավորված նման կտրուկ նվազումը, ինչ քայլեր են ձեռնարկվում անկումը դանդաղեցնելու և աճ ապահովելու ուղղությամբ:
Մինչ Հայաստանում հացահատիկի դիֆիցիտը լրացնում են ներմուծման միջոցով, Արցախում հացահատիկի ցանքատարածությունների մակերեսի նոր ռեկորդ են սամանել՝ նախորդ տարվա համեմատ 20 հազար հա-ով ավելացել է աշնանացանը: 75 հազար հա հացահատիկի` ցորենի, գարու, հաճարի ցանքատարածությունները գտնվում են հիմնականում Քաշաթաղում, Հադրութում, Մարտունիում, Ասկերանում: Հացահատիկի արտադրությունում ընդգրկված են թե անհատներ, թե խոշոր հողատերեր: Բացի այն, որ Արցախն այս առումով ինքնաբավ երկիր է, նաև կարողանում է հացահատիկ ու ալյուր արտահանել Հայաստան: Մոտավոր տվյալներով Արցախում սպառում են տարեկան մինչև 30 հազար տոննա հացահատիկ:
Արցախի Հանրապետության գյուղատնտեսության փոխնախարար Վիլեն Ավետիսյանը Panorama.am-ի հետ զրույցում հույս հայտնեց, որ բերքի ծավալն էլ այս տարի ռեկորդային կլինի: Ակնկալում են ստանալ 150 հազար տոննայից շատ բերք, քանի որ ցանքատարածության մակերեսից բացի, ավելացել է նաև 1 հա-ին բաժին ընկնող բերքատվության չափը, արդյունավետ պայքար է իրականացվում կրծողների, վնասատուների, մոլախոտերի դեմ, պարարտացումը լինում է ժամանակին ու պատշաճ:
«Նման ծավալ, որն ունենք 2018 թ. դրությամբ բերքի տակ, երբևէ չենք ունեցել՝ ավելի քան 75 հազար հա հացահատիկի ցանքատարածություն, որից 39 հազարը ցորենի ցանքատարածությունն է: 2017-ի համեմատ աշնանացանի ցանաքատարածությունն ավելացել է ավելի քան 20 հազա հա-ով: Արտադրության ծավալները ևս 2017-ին աննախադեպ են եղել ինչպես անկախության, այնպես էլ խորհրդային միության տարիների համեմատ: Հացահատիկի նման բերք մենք երբևէ չենք ունեցել, 2016-ին ռեկորդ գրանցեցինք 145 հազար տոննա հացահատիկի բերք, իսկ 2017-ին գերազանցեցինք այդ ռեկորդը՝ հավաքելով ավելի քան 148 հազար տոննա բերք»,-նման տվյալներ ներկայացրեց փոխնախարարը:
Գյուղատնտեսության նախարարության պաշտոնյան չի հիշում, թե վերջին անգամ երբ են ապրանքային նշանակության հացահատիկ ներմուծել Արցախ: Ներմուծածը միայն սերմացուն է: Վ. Ավետիսյանի խոսքով, նման ցուցանիշների իրենք հասել են կառավարության տարիների հետևողական ու թիրախային աշխատանքի արդյունքում:
«Պետությունը նախկինում գնային քաղաքականություն էր վարում, սերմերի, վառելիքի սուբսիդավորում էր իրականացնում»,-թվարկեց նախարարի տեղակալը:
Արցախում հույս ունեն, որ եղանակը բարեգութ կգտնվի, տեղումներն առատ կլինեն, երաշտ ու կարկուտ չի լինի: Աշնանացան հացահատիկի ցանքատարածությունների 80 տոկոսից ավելի անջրդի պայմաններում են:
Քանի որ աշնանացանն այստեղ համարում են կայացած շուկա, հիմա արտոնություններ նախատեսում են այն հողօգտագործողներին, ովքեր գարնանացան ցանքեր կիրականացնեն. Տրամադրում են անհատույց սերմեր, համապատասխան քանակությամբ հանքային պարարտանյութեր, աջակցություն ծխախոտագործությամբ ու բանջարեղենի մշակությամբ զբաղվողներին:
«Կոնկրետ բանջարեղենի մշակությամբ զբաղվող հողօգտագործողներին մեկ հա-ի դիմաց տրամադրվում է 200 հազար դրամ գումար, իսկ ծխախոտի մշակությամբ զբաղվողներին՝ մթերված հումքի մեկ կգ-ի դիմաց 10 դրամ հավելավճար»,-մանրամասնեց Վ. Ավետիսյանը:
Հարակից հրապարակումներ`
- Արցախում կատարված աշնանացանի ծավալներն աննախադեպ են վերջին 20 տարիների համար. գյուղնախարար
- Հայաստանում հացի արտադրության ծավալները նվազել են
- Չի բացառվում, որ մարդիկ սահմանափակել են հացի սպառումը. Տնտեսագետը՝ գնաճի, հացի արտադրության ծավալների նվազման մասին
- Փոխնախարար. Արցախում աշնանացանի այս տարվա ցուցանիշները գերազանցել են նախորդ տարվա արդյունքները
- Արցախում ցորենի և գարու մշակաբույսերի կատարած ցանքսից հնձվել է մոտ 25 հազար տոննա բերք
- Մարտունու շրջանում հացահատիկային մշակաբույսերի բերքատվության միջին ցուցանիշը ամենաբարձրն է Արցախում
- Հայաստանում ցորենի ինքնաբավության մակարդակը հնարավոր է հասցնել 70 տոկոսի. փոխնախարար
- ԼՂՀ կառավարությունը աշնանացանի աշխատանքների համար աջակցություն կտրամադրի հողօգտագործողներին