Ադրբեջանը գուցե ի զորու չէ վերադառնալ կառուցողական դաշտ, և նրան պետք է վերադարձնել. Էդվարդ Նալբանդյան
Ադրբեջանը փորձում է «կրեատիվություն» մտցնել ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում: Մարտի 27-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն անդրադարձավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Երևանն ու Հայաստանի այլ հատվածներ «վերադարձնելու» մասին հայտարարություններին:
«Բաքուն մեկ ասում էր, որ պետք է բովանդակային, սուբստանտիվ կամ տրամաբանական բանակցություններ վարել, ասես թե մինչև հիմա այդ բանակցությունները ոչ բովանդակային էին, ոչ տրամաբանական: Ուրեմն ինչու՞ էր այդ երկրի նախագահը երկու տասնյակից ավելի բարձր մակարդակով հանդիպումների մասնակցում, եթե դրանք անբովանդակ էին և անտրամաբանական»,- ասաց նա: Նախարարը նշեց՝ հիմա, հաջողությամբ ավարտելով այդ բանակցությունների փուլը, Բաքվում անցել են «կրեատիվ» առաջարկների փուլի, մի կրեատիվություն, որը Նալբանդյանի գնահատմամբ արդյունք է Ադրբեջանի «ոչ այնքան առողջ երևակայության»:
«Կրեատիվությունը հասավ նրան, որ ասում են՝ Ադրբեջանի պատմական տարածքներ են մեր 2800-ամյա մայրաքաղաքը կամ այլ շրջաններ, կամ այն է կրեատիվությունը, որ իրենք մշտապես սպառնում են ուժ կիրառել»,- ասաց նա:
Նալբանդյանը նշեց՝ գուցե նրանք այսպիսի օրինակ են գտել՝ բացատրելու համար, թե ամենաբարձր մակարդակով ինչու են հրաժարվում համանախագահների առաջարկներից, որոնք մշակված են որպես մեկ ամբողջություն, հրաժարվում են, որովհետև գտնում են, որ բարձր մակարդակով արված այդ առաջարկները «կրեատիվ» չէին, «ստեղծագործական» չէին, այլ «պարզունակ»:
«Այսինքն՝ իրենք իրենց իրավունք են վերապահում գնահատելու՝ որ առաջարկներն են կրեատիվ, սպասում են՝ այդ առաջարկներն իրենց համար դառնան ընդունելի կրեատիվ: Իրենք պետք է ձերբազատվեն այս՝ իրականությունից հեռու լեզվաբանական վարժանքներից, վերադառնան կառուցողական դաշտ, առաջին հերթին իրականացնեն ձեռք բերած պարտավորությունները, հարգեն հանդիպումների ժամանակ եղած պայմանավորվածությունները»,- ասաց նա:
Նալբանդյանի խոսքով՝ հնարավոր է՝ Ադրբեջանն ի զորու չէ վերադառնալ կառուցողական դաշտ, և նրան այդ դաշտ պետք է վերադարձնել:
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին