«Բնաջնջման վտանգը վերապրած մեր ժողովուրդը նոր ցեղասպանությունների կանխարգելման առաջամարտիկ է դարձել»
Խորհրդանշական է, որ մեր ժողովուրդը, որը վերապրել է ցեղասպանությունը, բնաջնջման վտանգը, վերածնվելով միջազգային հանրության կարծիքով այսօր առաջամարտիկ է դարձել համաշխարհային ջանքերում՝ ուղղված նոր ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանը: Այս մասին մարտի 27-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ անդրադառնալով անցյալ շաբաթվա վերջին ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում Հայաստանի նախաձեռնած Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևի ընդունմանը:
«Այս տարի մեր նախաձեռնությունը կապված է Ցեղասպանության կանխարգելման կոնվենցիայի 70-ամյակի հետ, որն ընդունվել էր 1948թ. դեկտեմբերի 9-ին: Գիտեք, որ Ռաֆայել Լեմկինն է այդ կոնվենցիայի հեղինակներից մեկը։ Նա 1944 թվականին դեռ շրջանառության մեջ մտցրեց ցեղասպանություն եզրույթը՝ հղում կատարելով Հայոց ցեղասպանությանը: Եվ պատահական չէ, որ այդ հոբելյանի շրջանակներում, այս տարի դեկտեմբերի 9-ին` Կոնվենցիայի ընդունման օրը, ի շարունակություն Ժնևում` Մարդու իրավունքների խորհրդում ընդունված այս նոր բանաձևի, մենք անցկացնելու ենք Հայաստանում Գլոբալ ֆորում` նվիրված ցեղասպանությունների կանխարգելմանը»,- ասաց նա:
Նալբանդյանը նշեց, որ Ժնևում ընդունված այս վերջին բանաձևը վերահաստատում է Կոնվենցիայի դրույթները, ինչը շատ կարևոր է կանխարգելման տեսանկյունից, նաև ընդգծում է, որ անպատժելիությունը և ժխտողականությունը խոչընդոտներ են հանդիսանում կանխարգելման գործում:
Նախարարը հիշեցրեց, որ 2015թ. իրենք նախաձեռնել էին ցեղասպանության կանխարգելմանը նվիրված բանաձև, որն ընդունվեց Ժնևում: Նա շնորհակալություն հայտնեց Լյուքսեմբուրգի արտգործնախարարին՝ այն աջակցության համար, որ ցուցաբերեց Լյուքսեմբուրգը այս բանաձևերի ընդունման գործում:
«Այս անգամ էլ, ինչպես 2015թ., Լյուքսեմբուրգը համահեղինակեց բանաձևը։ Այսօրվա դրությամբ արդեն 56 երկիր է միացել Հայաստանին՝ որպես համահեղինակ, և բանաձևն անցել է կոնսենսուսով: Այն դեռ բաց է այլ երկրների կողմից որպես համահեղինակներ միանալու համար: Կարծում եմ՝ մի շարք երկրներ գալիք օրերին ևս կմիանան դրան»,- ասաց նա:
Նախարարը հիշեցրեց նաև, որ հենց Հայաստանի նախաձեռնությամբ 2015թ.-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց բանաձև, որով Կոնվենցիայի ընդունման օրը՝ դեկտեմբերի 9-ը, հռչակվեց որպես ցեղասպանությունների և մարդկաության դեմ հանցագործությունների զոհերի հիշատակի օր:
Դեկտեմբերին Հայաստանում կազմակերպվելիք Գլոբալ ֆորումի գլխավոր թեման լինելու է Կոնվենցիայի վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը կրթության միջոցով:
«Կարծում եմ, որ այս իմաստով, իհարկե, միջազգային հանրությունը դեռ շատ անելիքներ ունի, որովհետև անգամ Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց, Կոնվենցիայի ընդունումից 70 տարի հետո, մինչ այսօր դեռ շարունակվում են հանցագործությունները մարդկության դեմ և իհարկե դա մեծ խնդիր է ողջ մարդկության համար: Հայաստանն այս առումով շարունակելու է ջանքերը միջազգային հանրության` գործընկերներ երկրների, միջազգային կառույցների հետ միասին»,- ասաց նախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են