Արցախի ՄԻՊ-ը կայացրել է սեփական նախաձեռնությամբ քննարկման ընթացակարգ սկսելու մասին որոշում
«Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը լինելու է հետևողական Ա.Խաչատրյանի պնդումներին պատշաճ իրավական արձագանք ապահովելու հարցում և այդ ուղղությամբ ձեռնարկելու է օրենքով նախատեսված բոլոր միջոցները»: Նման հայտարարությամբ հանդես է եկել Արցախի ՄԻՊ գրասենյակը՝ արձագանքելով մարտի 26-ին ժամը 20:20-ին epress.am լրատվականով հրապարակվել է «Ղարաբաղի ոստիկանները Ասյա Խաչատրյանին. Օրենք Հայաստանում կպահանջես» վերտառությամբ նյութին: Դրան կից տեսանյութում ներկայացվել են Արցախի Հանրապետության ոստիկանության կողմից քաղաքացի Ասյա Խաչատրյանի նկատմամբ ապօրինություններ կատարելու վերաբերյալ վերջինիս պնդումները:
«Քննարկման հետագա ընթացքի մասին հանրությանը կտրամադրվեն լրացուցիչ տեղեկություններ: Արցախում իրավական մշակույթի ամրապնդումը, մարդու հիմնարար իրավունքների երաշխավորումը եղել և մնում է ԱՀ մարդու իրավունքների հաստատության հավատամքը և առաջնային առաքելությունը»,-ասված է ՄԻՊ տարածած հայտարարության մեջ:
Նշվում է, որ ներկայացված տեսանյութի հիման վրա, ղեկավարվելով ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքի 15–րդ հոդվածով, ԱՀ մարդու իրավունքների պաշտպանը կայացրել է սեփական նախաձեռնությամբ քննարկման ընթացակարգ սկսելու մասին որոշում:
«Եթե Ա.Խաչատրյանի պնդումները համապատասխանում են իրականությանը, ապա ԱՀ ոստիկանության տվյալ ծառայողների գործողությունները անընդունելի են և ենթակա են խիստ իրավական գնահատականի:
Միաժամանակ պարզաբանում ենք, որ ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ հեռախոսազրույցի բովանդակությունը տեսանյութում և լրատվական նյութում ներկայացված է ոչ ամբողջական և մասնակիորեն սխալ: Իրականում ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Ռ.Մելիքյանը Ա.Խաչատրյանին պարզաբանել է նշված իրավիճակում իրավական պաշտպանության արդյունավետ միջոցները, ավելին` խրախուսել է օգտվել դրանցից: Իսկ քաղաքացին նշել է, որ իր պնդումները ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատությանը կներկայացնի գրավոր: Սակայն նշված փաստերով ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը որևէ գրավոր բողոք չի ստացել»,-ասված է ՄԻՊ հայտարարության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են